Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում՝ Փաշինյանի հայտարարությունը
Հարցազրույցներ

Իսրայելը Սիրիայում հարվածել է թուրքական թիրախի․ քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը

Իսրայելը Սիրիայում հարվածել է թուրքական թիրախի․ քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
Իսրայելը Սիրիայում հարվածել է թուրքական թիրախի։ «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
 
— Իսրայելի կողմից Սիրիայի տարածքում թուրքական թիրախների հարվածը ի՞նչ նոր իրավիճակ է ստեղծում։
 
— Սա Անկարա-Թել Ավիվ լարվածության նոր փուլ է արձանագրում։ Մինչ այժմ Սիրիայում Թուրքիայի և Իսրայելի շահերի բախումները հիմնականում միջնորդավորված էին՝ գործող իշխանություններին հարող զինված խմբավորումների և դրուզների միջոցով։ Այժմ արդեն ուղղակիորեն թուրքական ռազմակայանն է թիրախավորվել, և դրանով իրավիճակը նոր բնույթ է ստանում։
 
— Ի՞նչ ուղերձ է փորձում Իսրայելը փոխանցել այս հարվածով։
 
— Իսրայելը փորձում է հստակ ցույց տալ, որ կտրականապես դեմ է Դամասկոսի որոշմանը՝ Սիրիայում թուրքական նոր հենակետեր տրամադրելու վերաբերյալ։ Պաշտոնական Թել Ավիվը հայտարարել է, որ Սիրիան այս քայլով խախտել է ձեռք բերված փոխըմբռնումը՝ անտեսելով իսրայելական նախազգուշացումները։
 
— Այս իրավիճակում ինչպիսի՞ն է Վաշինգտոնի դիրքորոշումը։
 
— Ուշագրավն այն է, որ Վաշինգտոնը հայտարարել է՝ աշխատում է Սիրիայում Թուրքիայի և Իսրայելի միջև բախումը կանխելու մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Միաժամանակ Իսրայելը մի քանի անգամ հայտարարել էր, որ հարվածից առաջ տեղեկացրել է Վաշինգտոնին։ Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան հարձակման մասին նախապես տեղեկացված չի եղել, այս համատեքստում բավական ուշագրավ է։
 
Եթե ընդունենք այդ հայտարարության հավաստիությունը և բացառենք գործողությունների նախապես համաձայնեցված լինելու վարկածը, ստացվում է, որ Վաշինգտոնը տեղեկացված է եղել իսրայելական գործողության մասին, սակայն այդ մասին չի տեղեկացրել Թուրքիային։
 
— Ի՞նչ է ենթադրում Վաշինգտոնի առաջարկած «մեխանիզմը»։
 
— Ամենայն հավանականությամբ՝ կանխարգելիչ ձևաչափ։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Վաշինգտոնը նախ թույլ է տվել կամ առնվազն ընդունել իսրայելական հարվածները, իսկ հետո անհրաժեշտ է համարել մեխանիզմ ստեղծել, որպեսզի նման հարվածները չշարունակվեն և չվերածվեն Թուրքիայի ու Իսրայելի միջև ուղղակի բախման։
 
— Այսինքն՝ թուրքական ռազմակայանների տեղակայումը և իսրայելական հարվածը երկուսն էլ տեղավորվո՞ւմ են ամերիկյան քաղաքականության շրջանակում։
 
— Թուրքական ռազմակայանների տեղակայումը թույլատրվել է, իսկ իսրայելական հարվածը նույնպես իրականացվել է։ Այժմ անհրաժեշտ է ստեղծել վերահսկողության և կանխարգելման մեխանիզմ։ Սակայն դրա կառուցվածքն ու կազմը դեռևս հստակ չեն։
 
Ենթադրվում է, որ այստեղ ամերիկյան դերակատարություն է ակնկալվում՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հետագա զարգացումները կանխելու նպատակով։
 
— Իսկ ինչպե՞ս պետք է դիտարկել այս ամենը Սիրիայի ավելի լայն համատեքստում։
 
— Ընդհանուր պատկերը պետք է հաշվի առնել ամեն անգամ, երբ Իսրայելի և Թուրքիայի շահերի միջև բեմականացված կամ իրական բախումներ են արձանագրվում։ Սիրիայի վարչակարգի փոփոխությունից հետո ամենից շատ շահած պետություններից երկուսն Իսրայելն ու Թուրքիան են։ Երկուսն էլ սիրիական տարածքներում ձևավորել են անվտանգության գոտիներ։
 
Այդ գոտիների ձևավորումը տեղի է ունեցել ամերիկյան վերահսկողությամբ և նույնիսկ տնօրինմամբ։ Հետևաբար անվտանգության ոլորտում շահերի բախումները և նույնիսկ ռազմական հարվածները տեղի են ունենում նույն վերահսկողի գիտությամբ և, հնարավոր է, համաձայնությամբ։
 
— Այս դեպքում ի՞նչ դեր ունի ամերիկյան ներկայությունը Սիրիայում։
 
— Անկախ նրանից, թե առաջարկվող մեխանիզմը ինչ հանգուցալուծում կունենա, Միացյալ Նահանգների ուժերը շարունակում են վերահսկել Սիրիայի ռազմավարական և էներգետիկ նշանակություն ունեցող տարածքներն ու գոտիները։
 
Եթե ամբողջ պատկերը դիտարկենք միասին, ապա տեսնում ենք ամերիկյան, իսրայելական և թուրքական ազդեցության գոտիներ՝ երբեմն բախվող, երբեմն էլ միմյանց հետ համակարգվող կետերով։ Այս դասավորությունն ինքնին ուժերի փոխհակակշռման որոշակի մեխանիզմ է ենթադրում։
 
Հավանաբար հենց այդ մեխանիզմի մասին է ակնարկում ամերիկացի պաշտոնյան՝ խոսելով Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայում հնարավոր բախումները կանխելու անհրաժեշտության մասին։
 
— Այսինքն՝ խոսքը ոչ այնքան նոր համակարգ ստեղծելու, որքան արդեն գոյություն ունեցող հավասարակշռությունը վերահսկելու մասին է՞։
 
— Հենց այդպես։ Սիրիայում ձևավորված իրավիճակը ցույց է տալիս, որ տարբեր դերակատարների ազդեցության գոտիները միաժամանակ և՛ մրցակցում են, և՛ որոշակի սահմաններում փոխկապակցված են։ Վաշինգտոնի առաջ ծառացած հիմնական խնդիրը, ըստ ամենայնի, այդ մրցակցությունը վերահսկելի պահելն է, որպեսզի այն չվերածվի Թուրքիայի և Իսրայելի միջև լայնածավալ ուղղակի բախման։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո