Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հոկտեմբերի 9-ի գիշերը ռազմական ավիացիա է օդ բարձրացրել՝ ի պատասխան Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա Ռուսաստանի հարձակման։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի արևմտյան հատվածում գտնվող թիրախներին օդային հարձակման միջոցների կիրառմամբ հասցվող հարվածների կապակցությամբ Լեհաստանի օդային տարածքում գործում է ռազմական ավիացիան։ Գործող ընթացակարգերի համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը գործի է դրել անհրաժեշտ ուժերն ու միջոցները։ Հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգերը և ռադիոտեղորոշման հետախուզության միջոցները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի», - ասվում է X սոցիալական ցանցում հրամանատարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձեռնարկված գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում և ուղղված են Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ու պաշտպանության ապահովմանը, հատկապես այն շրջաններում, որոնք հարակից են վտանգի տակ գտնվող տարածքներին։«Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հետևում է իրադրության զարգացմանը, իսկ ենթակա ուժերն ու միջոցները շարունակում են մնալ արձագանքման պատրաստ վիճակում», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։