Ազատություն․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցվող հնարավոր համաձայնագիրն իր նախընտրելի արդյունքը չէ, նաև նշել, որ պատերազմը կավարտվի շուտով։
Այդուհանդերձ, նա ասել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցում է Իրանի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ, «շատ լավ է անում իր գործը»:
«Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա և շատ լավ է անում իր գործը։ Կարծում եմ՝ գործարքն իրականում այն չէ, ինչ ես ուզում եմ անել, բայց նրանք պատրաստ են մեզ ամեն ինչ առաջարկել՝ [պատերազմը] կանգնեցնելու համար», - ասել է Թրամփը Սան Անտոնիոյում (Տեխաս) կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, որ Իրանը «երբեք միջուկային զենք չի ունենա» և գովաբանել է Ուիթքոֆին՝ նրան անվանելով «հիանալի բանակցող»։
Թրամփը նաև ասել է, թե ակնկալում է, որ պատերազմը շուտով կավարտվի։ «Այդ պատերազմն ավարտվելու է, դա լինելու է շատ շուտով։ Դա շատ շուտով պետք է լինի»,- ասել է Թրամփը՝ Իրանին անվանելով «ձախողված պետություն», որը, ըստ նրա, դեռ «դիմադրելու մի փոքր կարողություն ունի, բայց ոչ շատ»։
Վերջին շաբաթներին Իրանը և Միացյալ Նահանգները փոխանակվել են առաջարկներով՝ ուղղված պատերազմի դադարեցմանը և համաշխարհային էներգետիկ շուկաների համար կենսական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացմանը: Թրամփը մերժել էր Թեհրանի վերջին առաջարկը և զգուշացրել, որ ռազմական գործողությունները կարող են ակտիվանալ Կոնգրեսում նոյեմբերին նախատեսված միջանկյալ ընտրություններից հետո:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ երեկ Reuters-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Իրանը պետք է «զգալիորեն» կրճատի ուրանի հարստացման իր հզորությունները՝ ԱՄՆ պահանջները բավարարելու և պատերազմը դադարեցնելու համար:
Վենսն ասել է, որ ցանկացած համաձայնագիր ոչ թե ապագայում միջուկային զինամթերքի կրճատման երաշխիքներ կառաջարկի, այլ կպահանջի Իրանից կրճատել ուրանի հարստացման իր հզորությունները։
«Եթե քեզ միջուկային զենք պետք չէ, ապա ինչո՞ւ է քեզ 60 տոկոսով հարստացված վառելիք հարկավոր։ Եվ եթե ուզում ես ցույց տալ քո հանձնառությունը միջուկային զենք չմշակելուն, մի՛ մշակիր բարձր հարստացված վառելիք։ Սա շատ կարևոր, հիմնարար հարց է», - ասել է Վենսը։