armenpress.am Ավելի քան մի քանի տասնամյակ թվային մեդիան և որոնողական համակարգերն աշխատում էին մի պարզ շղթայով. տեղեկությունը հրապարակվում էր կայքում, մի քանի բառով որոնման դեպքում որոնողական համակարգն առաջարկում էր հղումների ցանկ, ընթերցողը սեղմում իր նախընտրած հղման վրա, այցելում կայք, գուցե այնտեղ ընթերցում այլ նյութեր ևս:
Այս շղթայի յուրաքանչյուր օղակ ուներ իր արժեքը։ Տեսանելիությունը վերածվում էր այցելության, այցելությունը՝ լսարանի, իսկ լսարանը՝ եկամտի, բաժանորդագրության կամ այլ տեսակի փոխհարաբերության։ Այս ողջ համակարգի հիմքում մի պարզ մոդել էր՝ մարդը պետք է անցնի քո կայք, որպեսզի դու կարողանաս նրա ուշադրությունը վերածել արժեքի։Այսօր այդ մեխանիզմն աշխատում է այլ տրամաբանությամբ. որոնողական համակարգերն ավելի ու ավելի հաճախ փորձում են ոչ թե պարզապես գտնել և ցուցադրել տեղեկատվության աղբյուրը, այլ անմիջապես պատասխանել օգտատիրոջ հարցին։
Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը կարող են տարբեր աղբյուրներից հավաքել փաստերը, համադրել դրանք և ներկայացնել մեկ ամբողջական պատասխան՝ առանց օգտատիրոջը պարտադրելու անցնել սկզբնաղբյուրի կայք։Արդյունքում ձևավորվում է նոր իրավիճակ․ լրագրությունը կարող է հասնել ընթերցողին՝ առանց նրան լրատվամիջոցի կայք բերելու։
Սա է «զրո քլիքով» տեղեկատվության տարածման ամենակարևոր հետևանքը։ Եվ դրա ազդեցությունը շատ ավելի մեծ է, քան այցելությունների նվազումը. փոխվում է մեդիայի և լսարանի հարաբերության այն մոդելը, որի վրա վերջին տասնամյակների ընթացքում կառուցվել է թվային մեդիա տնտեսության զգալի մասը։Եվ այստեղ ամենակարևոր հարցն է՝ ինչ է տեղի ունենում ընթերցողի և տեղեկատվության այս նոր մոդելի «հանդիպումից» հետո:Ընթերցողին պետք է ոչ միայն գտնել, այլև «հետ բերել»Այս փոփոխության մասին խոսելիս թվերն ավելի պատկերավոր են արտահայտում իրավիճակը։
PPC Land-ի հրապարակած հոդվածը փաստում է՝ 2026 թվականի հուլիսին Similarweb-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի 100 խոշորագույն մեդիա կազմակերպությունները մոտ 113 միլիոն դոլար են ծախսել վճարովի որոնման վրա։ Այդ ծախսը մեկ տարվա ընթացքում աճել է 41 տոկոսով, իսկ 2023 թվականի հուլիսի համեմատ՝ 274 տոկոսով։ Վճարովի որոնումից ստացված այցելությունների թիվը կազմել է 23.7 միլիոն՝ նախորդ տարվա համեմատ աճելով 39 տոկոսով։Թվերի հետևում բավական տարօրինակ պատկեր է. լրատվամիջոցները տարիներ շարունակ փորձել են այնպես անել, որ որոնման համակարգերը իրենց մոտ բերեն ընթերցողին։
Իսկ հիմա որոշ խոշոր մեդիա հրատարակիչներ ավելի ու ավելի շատ գումար են վճարում որոնման միջոցով այցելություններ ստանալու համար։ Եվ այդ ծախսերի արագ աճը տեղի է ունենում մի ժամանակ, երբ որոնման միջավայրը արմատապես փոխվում է, և ընթերցողին հասնելու հին ճանապարհը այլևս նույնքան կանխատեսելի չէ։Մարդը կարդում է, բայց դու նրան չես տեսնումԱհա այստեղ «զրո քլիքով» որոնման գաղափարը դառնում է ավելի հետաքրքիր, քան պարզապես տեխնիկական տերմինը։ Մարդը կարող է կարդալ քո լրագրության արդյունքը, բայց դու չտեսնես նրան։
Նա կարող է իմանալ քո հավաքած փաստերը, բայց չմտնել քո կայք։ Նա կարող է նույնիսկ օգտվել քո լրագրողի աշխատանքի հիման վրա կազմված պատասխանից և չիմանալ, որ այդ աշխատանքի հետևում կոնկրետ լրատվամիջոց կա։ Այս իրավիճակը հատկապես հետաքրքիր է մեդիայի համար, որովհետև լրատվամիջոցը կարող է կորցնել ոչ միայն մեկ այց։ Այն կարող է կորցնել ընթերցողի ճանապարհը դեպի իրեն։Երբ մարդը մտնում է կայք, լրատվամիջոցը նրա հետ հարաբերություն կառուցելու հնարավորություն ունի։ Նա կարող է կարդալ մեկ նյութ, հետո մեկ ուրիշը, բաժանորդագրվել, միանալ տեղեկագրին, ներբեռնել հավելվածը կամ պարզապես հաջորդ օրը նորից վերադառնալ։Եթե ամբողջ տեղեկատվությունը մարդուն տալիս է մեկ այլ համակարգ, այդ հարաբերության առաջին և ամենակարևոր մասը տեղի է ունենում ուրիշի տարածքում։
Դրա համար էլ խնդիրը շատ ավելի մեծ է, քան կայքի այցելությունների վիճակագրությունը։Մեդիան արդեն սկսում է փոխել իր վարքըDigiday-ի և Arc XP-ի անցկացրած հարցումը, որին մասնակցել է 85 մեդիա կազմակերպություն, հրատարակիչ, ցույց է տալիս, թե ինչպես են լրատվամիջոցները փորձում հարմարվել այս փոփոխությանը։Հարցվածների 76 տոկոսը նշել է, որ նկատում է տեղեկատվությունը նախապես ամփոփված ձևով ստանալու միտում։
61 տոկոսը նկատել է կայքի անմիջական այցելությունների նվազում, իսկ 47 տոկոսը նշել է, որ արհեստական բանականությամբ որոնումն արդեն ազդել է այլ հարթակներից դեպի իրենց կայքեր եկող այցելությունների վրա։Հետևաբար լրատվամիջոցները փորձում են իրենց ներկայությունն ապահովել ոչ միայն որոնման արդյունքներում։Նույն հարցումը ցույց է տալիս, որ մեդիաներն արդեն փոխում են իրենց աշխատանքի տարբեր մակարդակները։ Հարցվածների 85 տոկոսը հարմարեցնում է բովանդակության իր մոտեցումները, որպեսզի նյութերն ավելի հեշտ հայտնաբերվեն, ճիշտ ընկալվեն և որպես աղբյուր օգտագործվեն AI համակարգերի կողմից, իսկ 76 տոկոսը դրա համար արդեն փոխել է բովանդակության կառուցվածքը և SEO մոտեցումները՝ որոնողական և AI համակարգերում դրա տեսանելիությունը բարելավելու համար։
Միևնույն ժամանակ, 62 տոկոսը համագործակցում է AI որոնման ընկերությունների հետ, իսկ 76 տոկոսը իր բովանդակությունը լիցենզավորում կամ տրամադրում է AI հարթակներին։Միաժամանակ աճում է հետաքրքրությունը սեփական հարթակների նկատմամբ։ Մեդիաների 67 տոկոսը մեծացրել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում, 52 տոկոսը ներդրումներ է ավելացրել տեղեկագրերի, հավելվածների և փոդքասթների հրապարակման ուղղությամբ։Լրատվամիջոցները, կարծես, հասկանում են, որ այլևս բավարար չէ պարզապես գտնվել այնտեղ, որտեղ մարդը որոնում է։
Պետք է նաև ունենալ այնպիսի կապ ընթերցողի հետ, որը կախված չէ մեկ ուրիշի որոնումից։Հարցը միայն տեխնոլոգիական չէԱյս ամենը կարելի էր սահմանափակել մեդիայի և տեխնոլոգիական ընկերությունների հարաբերություններով։ Բայց կա մեկ այլ փոփոխություն, որն ավելի մարդկային է։ Մարդն արհեստական բանականության համակարգերով ոչ միայն որոնում է. խոսում է դրանց հետ, հարցնում է, երբեմն շնորհակալություն է հայտնում, երբեմն վերադառնում նույն խոսակցությանը։ Այսինքն՝ այն, ինչ սկզբում ստեղծվել էր որպես գործիք, աստիճանաբար կարող է դառնալ մարդու առօրյա վարք։Եվ հենց այստեղ է, որ վերջին ուսումնասիրություններից մեկը հետաքրքիր նոր շերտ է ավելացնում այս ամբողջ պատմությանը։Երբ chatbot-ը պարզապես գործիք չէTechnology in Society գիտական ամսագրում օգոստոսին հրապարակված հետազոտության հեղինակներ Գենյա Կոստկան և Հուի Չժոուն ուսումնասիրել են 7,027 մարդու՝ Գերմանիայից, Չինաստանից, Հարավային Աֆրիկայից և ԱՄՆ-ից։
Հետազոտության նպատակներից մեկը եղել է հասկանալ, թե մարդիկ ինչպիսի հարաբերություն են ձևավորում ընդհանուր նշանակության chatbot-երի հետ, այդ թվում՝ ChatGPT-ի և DeepSeek-ի նման համակարգերի։ Հեղինակներն ուսումնասիրել են chatbot-երի նկատմամբ հուզական կապվածության տարածվածությունը, դրա ձևավորման գործոններն ու հետևանքները։Արդյունքները հետաքրքիր են. chatbot օգտագործողների 48.06 տոկոսը համակարգը ընկալել է որպես ընկեր։ 61.69 տոկոսը նշել է, որ օգտագործում է քաղաքավարի արտահայտություններ, օրինակ՝ շնորհակալություն։ 35.05 տոկոսն ասել է, որ մի քանի օր chatbot-ից չօգտվելուց հետո կարոտում է այն։39.57 տոկոսը նշել է, որ այդ զրույցները նվազեցնում են մենակության զգացումը։ 57.27 տոկոսը նշել է, որ chatbot-ի հետ շփվելիս իրեն ազատ է զգում ուրիշների դատողությունից, իսկ 67.55 տոկոսը՝ որ զգում է անձնական տարածքի կամ գաղտնիության որոշակի մակարդակ։Ամենահետաքրքիր թվերից մեկը, թերևս, սա է․ 20.94 տոկոսը նշել է, որ իր ամենախորը գաղտնիքը նախընտրում է կիսել chatbot-ի, այլ ոչ թե ընկերների, ընտանիքի անդամների կամ այլ վստահելի մարդկանց հետ։
Իհարկե, այս թվերից չի կարելի եզրակացնել, որ մարդիկ պատրաստվում են փոխարինել իրենց մարդկային հարաբերությունները արհեստական բանականությամբ։Հետազոտությունն ինքն էլ այդքան պարզ եզրակացություն չի անում։ Հակառակը՝ հեղինակները գտել են, որ ավելի մեծ սոցիալական շփումներ ունեցող մարդիկ նույնպես կարող են ավելի ուժեղ կապվածություն ցուցաբերել chatbot-երի նկատմամբ։ Նրանց մեկնաբանությամբ՝ արհեստական բանականության հետ ձևավորվող կապը կարող է որոշ դեպքերում լրացնել մարդկային հարաբերությունները, ոչ թե պարզապես փոխարինել դրանք։Այս արդյունքը կարևոր է մեկ այլ պատճառով։ Այն ցույց է տալիս, որ արհեստական բանականության ուժը միայն այն չէ, որ այն արագ է։ Այն հասանելի է, չի հոգնում, չի ընդհատում։ Կարող է շարունակել նույն խոսակցությունը։ Եվ որոշ մարդկանց համար ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ նրանք իրենց ավելի ազատ են զգում։Հենց այս հատկություններն են կարևոր դառնում նաև տեղեկատվության սպառման տեսանկյունից։ Երբ մարդը հարցնում է՝ «Ի՞նչ է տեղի ունեցել այսօր», «Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը», «Ի՞նչ է կատարվում այս երկրում», «Ի՞նչ տարբերություն կա այս երկու տեսակետների միջև», արհեստական բանականությունը դադարում է լինել պարզապես որոնման նոր ձև։ Այն դառնում է տեղեկատվության միջնորդ։Եվ այստեղ մեդիայի համար ամենակարևոր հարցը կարող է լինել ոչ թե այն, թե քանի հոգի է տեսել իր վերնագիրը, այլ այն՝ արդյոք դու հայտնվել ես այնտեղ, որտեղ մարդը տեղեկություն է փնտրել:Ի՞նչ անի լրատվամիջոցըԱյս հարցի պատասխանը չի կարող լինել միայն՝ «պետք է պարզապես ավելի լավ SEO անել»։
Միաժամանակ պետք է վերանայել այն չափումները, որոնցով գնահատվում է լսարանի աճը։ Կայքի այցելությունների կողքին ավելի կարևոր են դառնում վերադարձող ընթերցողների թիվը, ուղղակի այցելությունները, բաժանորդագրությունները, տեղեկագրերի և հավելվածների օգտագործումը, ինչպես նաև այն, թե որքան հաճախ է լրատվամիջոցը հայտնվում AI համակարգերի պատասխաններում որպես աղբյուր։ Այսինքն՝ անհրաժեշտ է միաժամանակ կառուցել մի քանի ուղի, որոնցով ընթերցողը կարող է գտնել, օգտագործել և կրկին վերադառնալ նույն լրատվամիջոցին։Իսկ բովանդակության հիմքում մնում է նույն պահանջը՝ լինել ստուգված, ճշգրիտ և ունենալ հստակ աղբյուր։ AI-ի տարածումը չի փոխում այդ չափանիշը, բայց փոխում է այն միջավայրը, որտեղ դրանց արդյունքը պետք է հասանելի և ճանաչելի լինի։