Հայկական ժամանակ. «1 միլիոն 815 հազար անձ ունենք ապահովագրված այս պահի դրությամբ:
Մեր ապահովագրված անձանց շուրջ 50 տոկոսը կամ մոտ 850 հազար քաղաքացի արդեն իսկ ստացել է այս կամ այն ծառայությունը առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, և առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը կատարել է համապատասխան փոխհատուցում այն բժշկական կազմակերպություններին կամ դեղատներին, որտեղ տվյալ անձինք ստացել են համապատասխան ծառայություն կամ դեղորայք»:
Այս մասին Կառավարության նիստին, անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրությանը, ասել է առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը:
«Հունվարի 1-ից մինչ օրս շրջանառությունը, այսինքն՝ ծառայությունների դիմաց վճարման համախառն ծավալը, շուրջ 150 մլրդ է եղել, շահառուների թիվը՝ 1.8 մլն մոտավորապես, որոնցից կեսն օգտվել է առողջապահական ծառայություններից, որոնց ծածկույթը երաշխավորված է հիմնադրամով: Սա նշանակում է, որ մենք տարեվերջին կունենանք մոտավորապես մինչև 200 մլրդ հաշիվներ՝ մարման ենթակա»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Միգուցե մի փոքր ավելի, որովհետև սեզոնայնությամբ պայմանավորված՝ սովորաբար մեր դիտարկումներն ու տարիների վիճակագրությունը ցույց են տալիս, որ աշնան շրջանում, պայմանավորված քրոնիկ հիվանդությունների սրացումներով և այդ բարդությունների առաջացմամբ, կարող է [այդ թիվն] ավելանալ, բայց դա կառավարման շրջանակներում է, այսինքն՝ ընդհանուր առմամբ ապահովագրության հիմնադրամի բյուջեի շրջանակներում ծախսերը կառավարելի են»,- ընդգծել է առողջապահության փոխնախարարը: