Հինգշաբթի, 8 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումները կկիրառվեն ամբողջական և միասնական ձևով
Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինան Ռյազանի Yandex-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում գտնվող նավթագործարանին հարվածել է

Ուկրաինան Ռյազանի Yandex-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում գտնվող նավթագործարանին հարվածել է
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Ազատություն․ Ուկրաինական զինուժն անօդաչուներով հարձակում է գործել Ռուսաստանի Ռյազանի մարզում գտնվող Yandex DC տվյալների կենտրոնի և Բաշկորտոստանում գտնվող «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանի վրա, հայտնում են Exilenova+ և Supernova+ ուկրաինական տելեգրամյան ալիքները:
 
Astra-ն պարզել է, որ հրդեհը տեղի է ունեցել «Սաստա» մեքենաշինական գործարանում, որտեղ տեղակայված է նաև Yandex DC տվյալների կենտրոնը: Yandex-ը հայտնել է Yandex Cloud հարթակի առանձին գոտում «էլեկտրաէներգիայի խափանումների» մասին: Ընկերությունն աշխատում է «միջադեպի» հետևանքները մեղմելու ուղղությամբ:
 
Ինչպես տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը, ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ Սասովոյում իր տվյալների կենտրոնում տեղի է ունեցել «միջադեպ», որն ազդել է ենթակառուցվածքների մի մասի վրա: «Տեղանքում իրավիճակը ներկայումս վերահսկողության տակ է, և զոհեր չկան: Խումբը զբաղվում է միջադեպի հետևանքների վերացմամբ և վերականգնում է միջադեպից տուժած ծառայությունները», - ռուսական РБК-ին ասել են ընկերությունից:
 
Հարձակումից հետո Yandex-ի որոշ ծառայություններ խափանվել են։ «Դոժդ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ RuNet տիրույթում մի քանի այլ կայքեր նույնպես անհասանելի են, այդ թվում՝ Postmypost ավտոմատ հրապարակման հարթակը և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի տարածաշրջանային տարբերակը։
 
Astra-ն, որը վերլուծել է Բաշկորտոստանում հրդեհի կադրերը, ևս եզրակացրել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանում, որը Ռուսաստանի ամենամեծ նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։
 
Օբյեկտը, որը նախկինում բազմիցս ուկրաինական հարձակումների թիրախ է դարձել և հետագայում դադարեցրել է գործունեությունը, Ուկրաինայի սահմանից մոտ 1400 կիլոմետր է հեռու։
 
Exilenova+ տելեգրամյան ալիքը, հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես հաղորդում է Ստերլիտամակում տեղի ունեցած պայթյունների մասին։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 399 անօդաչու թռչող սարքի է խոցել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի մարզերում, Բաշկորտոստանում, բռնակցված Ղրիմում, Թաթարստանում և Սև ծովում:
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո