Ինչու են Մոսկվան ու Անկարան ընտրել դեկտեմբերի 10-ը

Ինչու են Մոսկվան ու Անկարան ընտրել դեկտեմբերի 10-ը

  • 09-12-2021 15:52:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
lragir.am. 3 + 3 հարթակի առաջին հանդիպումը, որին Հայաստանը կմասնակցի, իսկ Վրաստանը ոչ, կկայանա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում։ Այս մասին գոհունակությամբ հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարը, իսկ երեկ Հայաստանի մասնակցության մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ հանդիպումը լինելու է փոխարտգործնախարարների մակարդակով, և Հայաստանը հարթակին կմասնակցի այն պայմանով, եթե այնտեղ չքննարկվեն այլ ձևաչափերի իրավասության ներքո գտնվող հարցեր։
 
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է։ Այդ օրը տեղի կունենա նախագահ Ջո Բայդենի հրավիրած «ժողովրդավարությունների գագաթնաժողովը», որին Նիկոլ Փաշինյանը նախապես հաստատել էր իր մասնակցությունը։
 
Գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է ավտորիտարիզմի դեմ պայքարը, հրավիրված չեն Ռուսաստանը, Թուրքիան, Բաքուն և Իրանը,  իսկ Վրաստանն ու Հայաստանը ստացել են հրավերներ։
 
Դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։ Առաջին ընթերցմամբ այն ընդունվել է միաձայն։
 
Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության և 1991 թվականի հանրաքվեի օրն է, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին, թեև Հայաստանի և Արցախի խորհրդարանների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշումը ոչ ոք չի չեղարկել։
 
Պատահական չէ, որ Մոսկվան 3 + 3 հանդիպումը նշանակել է դեկտեմբերի 10-ին։ Մոսկվան և Անկարան ուզում են ցույց տալ, որ Հայաստանը ոչ թե քաղաքակիրթ աշխարհի հետ է, որն ունի իրավունքներ, այլ տարածաշրջանային «բանդայի», և այս տարածաշրջանը ղեկավարվում է ոչ թե միջազգային իրավունքով, այլ հետնամուտքից՝ Մոսկվայում և Անկարայում կայացված հանցավոր որոշումներով։ 3+3-ը Արցախի հարցի փակման, Հայաստանի դեմ հանցագործությունները «լեգիտիմացնելու» ռուս-թուրքական ձեւաչափ է։
 
Դեկտեմբերի 10-ին հայ պաշտոնյաների ներկայությունը Մոսկվայում, այլ ոչ թե Ստեփանակերտում՝ Անկախության հանրաքվեի 30-ամյակին նվիրված միջոցառումներին, կդառնա քաղաքական անմեղսունակության և ազգային դավաճանության ցուցիչ։
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն