Արցախի բնակիչը գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել. ԱԳՆ

Արցախի բնակիչը գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել. ԱԳՆ

  • 03-12-2021 21:20:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
 
«Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում  է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։
 
Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։
 
Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։
 
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։
 
Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն