2022-ին Արցախում կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի չափերը կբարձրանան

2022-ին Արցախում կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձերի չափերը կբարձրանան

  • 03-12-2021 20:13:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 3-ին հրավիրվել է Արցախի Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Քննարկվել են սոցիալական, առողջապահության ու վիճակագրության ոլորտների 2022թ․ բյուջեին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվական բաժնից։
 
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը գալիք տարում նախարարության ծրագրային նոր անելիքների առաջնահերթություններում կարևոր է համարել  գործող աջակցության ծրագրերից նպատակային անցումը դեպի զարգացման ծրագրեր, որոնք նպաստելու են բնակչության շրջանում զբաղվածության խթանմանն ու ապահովմանը՝ սոցիալական կայուն զարգացման նորագույն մեխանիզմների ներդրման միջոցով: Այս նպատակով նախարարությունում 2022թ-ին նախատեսված է կառուցվածքային փոփոխություն՝ զարգացման ծրագրեր իրականացնող նոր ստորաբաժանման ընդգրկմամբ:
 
2022 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 28,6 մլրդ դրամ: Նախատեսված է կենսաթոշակների և ամենամսյա պետական նպաստների բարձրացում: Շուրջ 20%-ով կաճեն աշխատանքային կենսաթոշակները՝ միջինում փաստացի վճարվող 46 800 դրամից կազմելով 56 500 դրամ։ Շուրջ 30%-ով կբարձրացվի նաև նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 500 դրամից կազմելով 34 300 ՀՀ դրամ։ 
 
Ավելի քան 33 %-ով աճ կգրանցեն նաև սոցիալական կենսաթոշակների չափերը՝ 26 600 դրամի փոխարեն կազմելով միջինում 35 500 դրամ։
 
Ըստ ԱԺ հաղորդագրության՝ սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամներին տրվող կենսաթոշակի միջին չափը կբարձրանա շուրջ 14 %-ով՝ 104 300 դրամի փոխարեն՝ կազմելով շուրջ 118 400 դրամ: 
 
2022 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նաև առանձին կատեգորիաների երեխաներին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող ամենամսյա պետական նպաստների չափերի բարձրացում՝ 20 տոկոսի չափով։ 
 
50 հազար դրամի չափով ամենամսյա պետական նպաստ կսահմանվի նաև 2022թ. հունվարի 1-ից հետո ընտանիքներում ծնված 3-րդ և հաջորդ երեխաներին (անկախ ընտանիքում երեխաների չափահաս լինելու հանգամանքից)՝ մինչև նրանց 6 տարին լրանալը:
 
Չաշխատող կանանց տրվող մայրության միանվագ նպաստը 2022 թ-ի հունվարի 1-ից՝ կկազմի 312 800 դրամ՝ 253 000 դրամի փոխարեն։ 
 
Սոցիալական աջակցության ոլորտում, նաև որոշակի փոփոխություներով, կշարունակվեն գործող ծրագրերը: Եթե ԱՀ պաշտպանության ժամանակ երկու և ավելի զոհ տված ընտանիքներին ներկայումս տրվող ամենամսյա դրամական օժանդակությունը կազմում է յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի հաշվով 15 000 դրամ, ապա 2022 թվականի հունվարի 1-ից այդ չափը կկազմի 50 000 դրամ: 
 
Բյուջեի նախագիծը ներկայացնելուց հետո նախարար Արմինե Պետրոսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերի: Դրանք վերաբերվում էին կարիքների գնահատման ծրագրի անհրաժեշտությանը, ծնելիության խթանման ծրագրի վերանայմանը, գործող ծրագերի արդյունավետությանը և այլն:
 
Առողջապահության ոլորտի 2022 թվականի ծախսերը (առանց նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կկազմի 15 մլրդ 274.7 մլն դրամ: Ծախսերի ավելացումը 2021 թ. բյուջեի համեմատ 23.4 տոկոս է: Գումարի ավելացումը հիմնականում պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի ավելացմամբ (բժիշկներ՝ 15 տոկոս, միջին, կրտսեր բուժանձնակազմ և վարչատնտեսական անձնակազմ՝ 20 տոկոս), «Կենտրոնացած կարգով դեղորայքների ձեռքբերում» ծրագրով լրացուցիչ գումարների նախատեսմամբ, ՀՀ-ում և արտերկում բուժօգնությանը և սպասարկմանը տրամադրվող դրամական օգնությունների ենթածրագրի գումարի ավելացմամբ, 150 անպտուղ զույգի հաշվով բոլոր անհրաժեշտ հետազոտությունների և միջամտությունների գումարի հաշվարկմամբ, «Օրթեզավորման մատուցման ծառայություններ» և «Ստոմոտոլոգիական ծառայություններ» ծրագրերով արտահիվանդանոցային դեպքերի ավելացմամբ:
 
Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շեշտեց, որ նախագծով նախատեսված ծախսերը հիմնականում ուղղված են Արցախի Հանրապետության ամբողջ բնակչությանը 2022 թվականի հունվարի 1-ից անվճար բուժօգնություն տրամադրելուն:
 
Պատգամավորները հանդես եկան հարցերով ու առաջարկներով: Դրանք վերաբերվում էին համաճարակի հաղթահարմանն ուղղվող գումարների ավելացմանը, Հայաստանում բնակվող արցախցիների բուժօգնությանը, բժիշկների խրախուսման բոնուսային համակարգին: Վերջին հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն:
 
Ազգային վիճակագրական ծառայության 2022 թվականի բյուջեն կկազմի 245 մլն դրամ, աճը 2021 թ. համեմատ 19,7 մլն դրամ է: 22 մլն դրամ ուղղորդվելու է աշխատավարձերի բարձրացմանը: Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի հիմնավորմամբ բացը լրացվելու է գործուղումների հաշվին:
 
Իրականացվելու է 2 ծրագիր՝ աշխատանքի շուկայի վերահսկողության և տնային տնտեսությունների հետազոտման:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն