Ստրագրվելուց հետո որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող կիրառվել, դա հակասելու է մեր երկրի Սահմանադրությանը

Ստրագրվելուց հետո որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող կիրառվել, դա հակասելու է մեր երկրի Սահմանադրությանը

  • 25-11-2021 15:07:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Արդարդատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն ԱԺ լսումների ժամանակ անդրադարձավ հարցին, թե ստորագրվող պայմանագրերը իրավական ի՞նչ հիմք ունեն։
 
«Հարցադրումներ կան՝ արդյոք չենք ուշանում, որովհետև այս ժամանակահատվածում կարող է փաստաթուղթ ստորագրվել, արդյոք մենք տեղյակ ենք այդ փաստաթղթի բովանդակությանը։ Ինձ համար՝ որպես իրավաբանի, այս հարցադրումները այնքան էական նշանակություն չունեն։ Որևէ միջազգային իրավական փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում, չի կարող կիրառվել։ Դրանից հետո պետք է Սահմանադրական դատարանում անդրադառնան, որոշում կայացվի սահմանադրականության առնչությամբ, այնուհետև Ազգային ժողովը կանդրադառնա արդեն զուտ քաղաքական սպեկտրին։ Նոր դրանից հետո այս բնույթի միջազգային փաստաթղթերը ձեռք կբերեն իրավական նշանակություն, կարող են իրավական հետևանքներ ունենալ։ Իհարկե, դե ֆակտո մենք ունեցել ենք այլ իրավիճակ, բայց գոնե այս պահից պետք է ելակետ ունենալ այն, որ ստրագրվելուց հետո որևէ միջազգային փաստաթուղթ չի կարող կիրառվել, դա հակասելու է մեր երկրի Սահմանադրությանը։ Սա ամրագրված է մեր Սահմանադրության 116-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետով, քանի որ քաղաքական ու ռազմական բնույթ ունեցող յուրաքանչյուր միջազգային պայմանագիր պարտադիր պետք է անցնի վավերացման գործընթաց»,- նշեց Գևորգ Դանիելյանը։
 
Ըստ նրա՝ հետագա զարգացումները կարող են հանգեցնել մի իրավիճակի, որ միջազգային պայմանագրերում նաև ներառվի տարածքի փոփոխության հարց։ Սա նշանակում է, որ կիրառության մեջ պետք է դնել Սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասը, համաձայն որի՝ պետք է այս հարցերը քննարկման առարկա դառնան հանրաքվեով։
 
«Այսինքն՝ ստորագրությունն ընդամենը նախնական մի կարևոր, բայց ոչ վերջնական գործընթաց է։ Չի կարելի սահմանափակվել, հետևություններ անել, որ եթե ստորագրվեց, ուրեմն ամեն ինչ ավարտված է, ուշացրել ենք, չենք կարող սա քննարկման առարկա դարձնել։ Երևի թե մեր սխալը հենց այդտեղ է, որ մենք սահմանափակվում ենք այս նախնական մոտեցումներով և սխալ ճանապարհով ենք գնում։ 100 տարի առաջ ստորագրված միջազգային պայմանագրերն առ այսօր քննարկվում են, վիճարկվում են՝ որքանով է պահպանված դրանց ստորագրման կարգը։ Դուք ի՞նչ երաշխիք ունեք, որ դա չի լինելու արդեն մեկ տարի հետո այս պայմանագրերի առնչությամբ։ Եթե մեզ անգամ հաջողվի ունենալ շատ հրաշալի, փոխշահավետության սկզբունքով պայմանագիր, մենք խնդրահարույց վիճակում ենք հայտնվելու, եթե չպահպանենք այս ողջ գործընթացը»,- սաց նա։
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը