2022 թվականի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ. Փաշինյան

2022 թվականի բյուջեի եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ. Փաշինյան

  • 25-10-2021 11:52:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «2022 թվականի պաշտպանական բյուջեն 2021 թվականի պլանի համեմատ ավելի է 11 տոկոսով՝ կազմելով ավելի քան 345 մլրդ դրամ»:
 
«Բյուջե 2022»-ի նախագծի նախնական քննարկմանն այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2021 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651.141 վճարվող աշխատատեղ: 
 
«Ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 տոկոս  գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 11.9 տոկոսով կամ 23 հազար 782 դրամով: Էականորեն՝ ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը: Շինարարության ծավալներն ընթացիկ տարում աճել են  7 տոկոսով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել  է ավելի քան 5 տոկոս: Այս գործոնները 7 տոկոս տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, մանավանդ, որ արդեն իսկ մեկնարկել են և, հուսով եմ, հաջողությամբ ավարտին կհասցվեն մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի մշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,-ասաց Փաշինյանը:
 
2022 թվականի բյուջեի եկամուտները, ըստ նախագծի, կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:
 
«Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով: 2022-ի կապիտալ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, իսկ 2020-ի նկատմամբ՝ 53 տոկոսով»,-հայտնեց վարչապետը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը