Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, ըստ Պուտինի, փոխզիջումներ է պահանջում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը, ըստ Պուտինի, փոխզիջումներ է պահանջում

  • 22-10-2021 18:49:16   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանազատման հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային ակումբում։
 
«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ չի կարելի անել առանց Ռուսաստանի մասնակցության: Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ՝ բացառությամբ երկու կողմերի և Ռուսաստանի: Ինչո՞ւ՝ շատ պարզ, պրագմատիկ բան է այստեղ. այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջև սահմանը խորհրդային տարիներին», - ասել է Պուտինը՝ շարունակելով․ - «Կան բաներ, որ պահանջում են նաև փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին»։
 
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան կողմ է կարգավորման բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացմանը։ Նրա վկայությամբ՝ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և ամբողջ գործընթացի հիմնական նպատակը «անվտանգային իրավիճակի ստեղծումն է և ապագայում դրական հարաբերությունների կառուցումը»։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը