Հունվարի մեկից կարգելվի պոլիէթինելային տոպրակների գործածումը առևտրի կետերում. ինչ այլընտրանք է առաջարկվում

Հունվարի մեկից կարգելվի պոլիէթինելային տոպրակների գործածումը առևտրի կետերում. ինչ այլընտրանք է առաջարկվում

  • 22-10-2021 14:38:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հունվարի 1-ից, համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի, կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պարկերի վաճառքը (իրացումը): Այսինքն՝ արգելվելու է առևտրի իրականացման վայրերում, առևտրի օբյեկտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում մանրածախ առևտուր իրականացնելիս մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը), բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների:
 
Իսկ ի՞նչ այլընտրանք է առաջարկվելու տնտեսվարողին և սպառողին, ի՞նչն է փոխարինելու պոլիէթիլենին, շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ նոր օրենքով արգելվում են միայն այն տոպրակները, որոնք տնտեսվարողները 10 կամ ավելի դրամով կամ անվճար տրամադրում են քաղաքացիներին՝ խանութից գնված ապրանքը տեղափոխելու համար, սակայն կան բացառություններ, այլընտրանքներն էլ՝ մի քանիսն են:
 
«Բացառություններն այն տոպրակներն են, որոնք բռնակներ չունեն, այսինքն՝ որոնց մեջ ապրանքը դրվում է, որպեսզի ապահովվեն սանիտարահիգիենիկ նորմերը, որակական հատկությունները, ամբողջականությունը, ինչպես նաև կշռող սարքի օգտագործմամբ իրականացվող առևտրային գործարքների փաթեթավորումը: Այդ պարկերը դեռևս մնալու են գործածության մեջ, քանի որ դրանց համար այլընտրանքային տարբերակներ այս պահին առկա չեն: Չեն արգելվելու նաև երկրորդային հումքից պարկերը և տոպրակները՝ և՛ բռնակով, և՛ առանց բռնակի, քանի որ չպետք է խոչընդոտել պլաստիկ թափոնների վերամշակման գործընթացին»,- ասաց նա:
 
Պոլիէթիլենային տոպրակներին կարող են փոխարինել կտորե տոպրակները, 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակները, կենսաքայքայվող պլաստիկ հումքից տոպրակները, որոնք կարճ ժամանակում վերածվում են շրջակա միջավայրի համար անվնաս նյութերի, ասում է Ղավալյանը:
 
«Պլաստիկ տոպրակները հիմնականում արտադրվում են հանրապետությունում: Մեր տեղական արտադրողները կարող են հումքի անցում կատարել կենսաքայքայվող տոպրակների արտադրության, ինչը վերազինման մեծ ծախսեր չի պահանջում: Հայաստանում նաև կտորից տոպրակներ են արտադրվում: Այսինքն՝ տոպրակ արտադրողները պետք է վերապրոֆիլավորվեն, քանի որ իրենց հիմնական գործընկերները  իրավունք չեն ունենալու օրենքով նախատեսված պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել»,- ընդգծեց նա:
 
Ղավալյանի խոսքով՝ մինչ օրենքի ընդունումը, պարբերաբար քննարկումներ են եղել տնտեսվարողների հետ, որպեսզի մեր տեղական արտադրողները կարողանան պոլիէթիլենային տոպրակների եղած պաշարները վերջացնեն և նոր տոպրակներ արտադրեն: Սակայն եթե հունվարի մեկից հետո տնտեսվարողներ լինեն, որոնք կշարունակեն պոլիէթիլեն տոպրակների տրամադրումը, կտուգանվեն 20-30 հազար:
 
«Տրամադրելու համար Վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ օրենքով արգելված ապրանք վաճառելու համար: Վերահսկող մարմին են տեղական ինքնակառավարման մարմինները, քանի որ օրենսգրքով այդ պարտականությունը դրված է տեղական ինքնակառավարական մարմինների վրա»:
 
Ըստ նրա՝ օրենքի ընդունումից հետո հիմնական խնդիրները, որոնք կարող են առաջանալ, տեղեկատվական բացն է, որն արդեն իսկ լրացվում է: Նախարարության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան պաշտոնական էջում պարբերաբար հրապարակումներ են տեղադրվում ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավորումների վերաբերյալ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների օգնությամբ իրականացվում է տեղեկատվական արշավ։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է գովազդային վահանակների տեղադրում տարբեր մարզերի մարդաշատ վայրերում։ Պաշտոնական գրություններով տեղեկացում է տրամադրվել նաև մանրածախ առևտուր իրականացնող և կազմակերպող խոշոր տնտեսվարողներին։
 
Պոլիէթիլենային տոպրակները կայուն աղտոտվածություն են առաջացնում շրջակա  միջավայրում: Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը, հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ, և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան, գազերրանք, որոնք քայքայվում են 400-500 տարիների ընթացքում, ինչի հետևանքով վերածվում են պլաստիկի և անցնում հողի, ջրի, նույնիսկ՝ մարդկանց օրգանիզմի մեջ: 
 
Հայաստանում կա մոտ մեկ միլիոն ընտանիք, նույնքան՝ տնտեսություն: Եթե ամեն մեկը մեկ օրում երկու անգամ խանութից գնում կատարի, ապա կստացվի, որ տարվա մեջ 60 միլիոն պոլիէթիլենային տոպրակ է հայտնվում շրջակա միջավայրում:
 
Մենք նաև մի փոքր հարցում անցկացրինք քաղաքացիների շրջանում։ Նրանցից մեծ մասը նշում էր, որ ծրագիրը լավն է, բայց դեռ հստակ չեն պատկերացնում, թե ինչպես է լինելու։
 
«Ես շատ կողմ եմ, վաղուց պետք է արվեր, որովհետև մի տեսակ հակահիգենիկ է պոլիէթիլենային տոպրակները փողոցներում, մայթերում թափված լինելը։ Նոր ծրագրով գուցե դրամական առումով խնայողությունն էլ լինի։ Սկզբնական շրջանում հնարավոր է՝ մարդիկ հասկանան, որ նոր տոպրակները դրսում կամ բնության մեջ թափել պետք չէ, բայց հնարավոր է, որ նույն բանը լինի, ինչ պոլիէթիլենի դեպքում է»,- ասաց 53-ամյա Ելենա Ս.-ն:
 
«Եթե դրանք լինեն անվճար, կողմ եմ, եթե ոչ, դա հավելյալ ծախս է լինելու։ Չեմ կարծում, որ կօգնի մաքուր պահել շրջակա միջավայրը, քանի որ, եթե մարդիկ սովոր են տոպրակները դրսում թափելուն, նույն էլ նոր տոպրակների դեպքում է լինելու»,- ասաց 22 տարեկան Արփի Մանասյանը։
 
«Քանի որ պոլիէթիլենային տոպրակների հետևանքով առաջացող աղտոտվածության խնդիրը ամբողջ աշխարհով է, և բնապահպանները բարձրաձայնում են այդ հարցն ու փորձում միջոցներ ձեռնարկել դրա հետ կապված, ես կարծում եմ, որ սա լավ միջոց է: Ինձ չի թվում, որ մարդիկ այդ տոպրակները դեն կնետեն»,- նշեց 47-ամյա Ազնիվ Առաքելյանը։
 
Մերի Խաչատրյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը