Պատերազմի հետևանքով տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ կացարանի ապահովման և անվտանգության դեպքում. հետազոտություն

Պատերազմի հետևանքով տեղահանվածների 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ Արցախ կացարանի ապահովման և անվտանգության դեպքում. հետազոտություն

  • 21-10-2021 20:04:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սոցիալական աշխատողների ասոցիացիան հետազոտություն է անցկացրել, որն օգնում է հասկանալ թե ինչ շեշտադրումներով պետք է օգնություն ցուցաբերվի արցախցիներին, ովքեր պատերազմի հետևանքով զրկվել են իրենց կացարանից և բնականոն կյանքից։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հոկտեմբերի 21-ին քննարկվեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի, Ավրորա մարդասիրական կազմակերպության և ԱՔԹԵԴ միջազգային կազմակերպության ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ կատարված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտության արդյունքները։
 
«Հետազոտության արդյունքները փաստում են, որ 44-օրյա պատերազմը նշանակալի ազդեցություն է ունեցել արցախցիների վրա թե՛ սոցիալ-տնտեսական, թե՛ հոգեբանական առումով՝ խախտելով կյանքի բնականոն ընթացքն ու փոխելով կենսական ռազմավարությունները»,- ասաց  Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
 
Քննարկման ընթացքում կայացած հարց ու պատասխանից  պարզ դարձավ, որ առաջնային պետք է ձեռք մեկնել այն արցախցի ընտանիքներին, որտեղ ապրում են խրոնիկ հիվանդություններով անձինք։ Անտոնյանի խոսքով՝ պակաս կարևոր չեն նաև արցախցի երեխաների հարցը։
 
Հետազոտություն արդյունքները ցույց են տալիս, որ Արցախից տեղահանված բնակչության 80 տոկոսը պատրաստ է վերադառնալ իր բնակավայր՝ կացարանի ապահովման  և անվտանգության պահպանման դեպքում։
 
«Արցախը  վերաբնակեցնելը և շենացնելը Արցախյան հարցը սեղանին է պահելու, իսկ ծրագիրը չի ավարտվել, և մենք շարունակելու ենք հետագա քայլեր ձեռնարկել և խնդիրների մասին բարձրաձայնել արդեն միջազգային հարթակներում»,-իր խոսքը եզրափակեց Անտոնյանը։
 
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով արձանագրվել են ծանր զինված բախումներ, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել և թիրախավորել են նախ խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ կյանքի անվտանգության խնդիր, վախերի, երկյուղի պատճառով հարկադրված էին լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ՀՀ-ում։
 
Հետազոտություններն անցկացվել են առաջնային կարիքներ և առկա ռեսուրսներ, մարդկային կապիտալ և կորուստներ, ապագայի պլաններ և մտադրություններ և տագնապայնություն, անվտանգություն բաղադրիչների համադրմամբ։ Հայաստանում ապաստանված արցախցիների հետ հարցազրույցներն անցկացվել են ՏԻՄ-երի առկա արցախցիների և ձնակույտի մեթոդի կիրառմամբ, Արցախում՝ տուն առ տուն հերթականությամբ այցերով։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը