Օրակարգում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց չկա. Դումանյան

Օրակարգում Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարց չկա. Դումանյան

  • 21-10-2021 17:23:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրեր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանը հետաքրքրված է երկրում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմամբ: Ելույթ ունենալով արտերկրում ապրող ռուս հայրենակիցների յոթերորդ համաշխարհային կոնգրեսում՝ Լավրովը նշել էր, որ Տաջիկստանում շուտով կբացվի հինգ ռուսական դպրոց, գրում է Հայկական ժամանակը։ 
 
«Այժմ նման ծրագիր է նախապատրաստվում Ուզբեկստանի համար: Վերջերս ՀՀ-ի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի համար նույն ծրագիրը պատրաստելու հարցում»,- ասել էր ռուս նախարարը:
 
Հայաստանի ԿԳՄՍ նախարարը, այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու հարցը, պատասխանեց. «Այս պահին որևիցե քննարկում չկա՝ ո՛չ ՀՀ-ում ռուսական դպրոց բացելու, ո՛չ ՌԴ-ում հայկական դպրոց բացելու վերաբերյալ: Սակայն ինչո՞ւ ենք առանձնացնում ռուսաց լեզուն. մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլիզացիայով, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր ռուսաց լեզվի խնդիրն էլ ենք կարևորում: Որքան լեզու ունենանք, այնքան ճկուն կլինենք: Մենք 21-րդ դարում շփումների կարիք ունենք»,- ասաց նախարարը:
 
Նա նաև շեշտեց՝ հայկական կողմը պատրաստվում է աշխատանքային խումբ ձևավորել ռուս գործընկերների հետ՝ հասկանալու՝ ի՞նչ հետաքրքրություններ ունեն երկու երկրները. «Ես ՌԴ-ում այցելել եմ, այսպես կոչված, հայկական դպրոց, այսինքն՝ դա միջնակարգ դպրոց է ռուսաց օրենքներով գործող, բայց դպրոցի տնօրենը հայ է, 50-ից ավելի տոկոսն էլ աշակերտների մեր հայ երեխաներն են: Այնտեղ հայերենը խորացված է, բայց այլ ազգիներ էլ կան»:
 
Վահրամ Դումանյանն ընդգծեց՝ նախարարությունը ունի ծրագրեր ռուսաց լեզվի ուսուցիչներին վերապատրաստելու համար, և փորձ կա զարգացնել այդ ծրագիրը: Ավելացրեց՝ վերջերս Ֆրանսիայից ժամանած բժիշկների հետ այցելելով Բժշկական համալսարան՝ առաջարկել է բուհում ապագա բժիշկների համար ներդնել ֆրանսերենի լայնամաշտաբ ուսուցում:
 
«Մենք դա ուզում ենք, որ ունենանք լավ բժիշկներ՝ Ֆրանսիայում վերապատրաստելու համար: Հաճելիորեն զարմացա, որ բուհի անձնակազմը շատ արագ արձագանքեց և ասաց, որ այդ պրոցեսը սկսված է, որպեսզի բժշկականի ուսանողները ֆրանսերենին լավ տիրապետեն»,- հավելեց նախարարը:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը