Ձկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհը

Ձկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհը

  • 20-10-2021 16:23:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Սևան մայրուղին։ Մարզի բնակիչներն ասում են, որ իրենց թույլ չեն տալիս ձուկ որսալ Սևանից, գրում է Lragir.am-ը: 
 
Սահմանված չափաքանակը լրացել է, իրենք շարունակել են ձկնորսությամբ զբաղվել, բայց ձկնորսական նավակները ուժով հեռացրել են տարածքից։ Ըստ նրանց՝ սահմանված չափանակն էլ այն է եղել, որ օրական 1 կգ՝ 4-5 ձուկ են կարողացել որսալ՝ ընտանիք պահելու համար։
 
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց բնակիչներին։ «Այն հարցը, որը հիմա բարձրացնում եք, հենց հիմիկվա լուծելու հարց չէ։ Դրա համար պետք է առնվազն 4-5 օր ժամանակ, թույլ տվեք քննարկենք։ Ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն։ Եթե դուք առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխվի, ժամանակ է պետք»։
 
Ակցիայի մասնակիցները դիմեցին մարզպետին․ «Դուք՝ որպես մարզպետ, տեղյա՞կ չեք, որ ունենք խնդիր, որի պատճառով 10 հազար պլյուս մարդիկ վեց ամիս մնալու են առանց գործ։ Աշխատատեղ բացեք, նոր ծովը փակեք, բա մենք ինչո՞վ ապրենք։ Մեր լոդկեքը տանելու հրամանն ո՞վ ա տվել»։
 
 
Ակցիայի մասնակիցները մարզպետից պահանջում են դրական լուծում տալ իրենց խնդրին, Ազգային ժողովից մարդիկ հրավիրել մարզ։ Նրանք ասացին, որ ապրիլից մինչև այսօր Սևանից 10 հազար տոննա ձուկ է դուրս եկել, բայց թղթի վրա ցույց են տվել 350 տոննա, այդքան էլ բնավճար է վճարվել բյուջե։
 
«Ինչ մախինացիա են անում, գալիս օրը 1 կիլո, ամենաշատը 5 կիլո ձուկ են գրում հսկիչները։ Այսինքն՝ օրը 100 կիլո ձուկ հանողին գրում են 1 կիլո, 200-ին՝ 2 կիլո։ Ոչ ազգային պարկն է աշխատում, ոչ տարածքային հսկիչներն են աշխատում։ Եթե իրենք կարողանային ազգային պարկն ու հսկիչներին աշխատեցնել, էս վիճակը չէր լինի։ Հիմա մարզպետն ա մաֆիայի մեջ, ազգային պարկի դիրեկտորն ա մաֆիայի մեջ, Նիկոլն ա մաֆիայի մեջ, թե՞ իրանց մինիստրը, թող իրենք իրենց մեջ ռազբիրատ անեն»,- ասացին ակցիայի մասնակիցները։
 
Մարզպետն ասաց, որ պայմանավորվել են՝ բնակիչները ճանապարհը կբացեն, նրանց պահանջը կներկայացնեն կառավարությանը, երկու օրում կքննարկենք ու պատասխան կտան։ Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերի մասին մարդկանց բարձրաձայնումներին՝ Կարեն Սարգսյանն ասաց, որ եթե նմանատիպ դեպք լինի, իրավապահները կզբաղվեն։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը