ՆԱՏՕ-ն մեծացնում է ներկայությունը Միութենական պետության սահմանների մոտ․ Շոյգու

ՆԱՏՕ-ն մեծացնում է ներկայությունը Միութենական պետության սահմանների մոտ․ Շոյգու

  • 20-10-2021 14:54:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.am. Հյուսիսատլանտյան դաշինքն ամրապնդում է իր ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների անմիջական հարևանությամբ, ռազմաքաղաքական իրադրությունը բարդ է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
 
«Ընդլայնվում է ՆԱՏՕ-ի բլոկի առաջավոր ներկայությունը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների մոտ, կատարելագործվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական միջոցների պաշարներ, մշակվում են զորքերի տեղափոխման միջոցառումներ»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստում:
 
Նրա խոսքով ՝ Լեհաստան և մերձբալթյան պետություններ են տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի զրահատանկային բրիգադը և չորս բազմազգ գումարտակային մարտավարական խմբեր:
 
«Ձևավորվել են դաշինքի կոալիցիոն դիվիզիաների շտաբներ Ռումինիայում, Լեհաստանում և Լատվիայում»,- ասել է Շոյգուն։
 
Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի առաջնային գործողության ուժերի թվաքանակը գրեթե կրկնակի աճել է՝ 25 հազարից հասնելով 40 հազարի:
 
«Ռումինիայում և Լեհաստանում Վաշինգտոնը տեղակայում է «Իջիս Էշոր» հակահրթիռային համալիրները։ Ընդ որում, դրանց արձակման կայանքների ունիվերսալությունը թույլ է տալիս հակահրթիռային պաշտպանության հետ մեկտեղ կիրառել «Տոմախոկ» թևավոր հրթիռներ և հեռանկարային հարվածային միջոցներ, որոնք մշակվում են Պենտագոնի կողմից»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:
 
«30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանակից շրջաններում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հետախուզական և մարտավարական ավիացիայի թռիչքների թիվը»,- ասել է Շոյգուն։
 
Չնայած պանդեմիային՝ նախարարը կարևորել է Բելառուսի գործընկերների հետ առկա ձևաչափով հանդիպումը՝ ռազմաքաղաքական բարդ իրադրության պատճառով:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը