Կատարվածը մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում

Կատարվածը մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում

  • 20-10-2021 14:48:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Արհամարհելով միջազգային կառույցների կողմից հնչեցվող կոչերն ու հորդորները՝ ադրբեջանցիները շարունակում են պետական մակարդակով ավերել եւ ոչնչացնել  Արցախի օկուպացված բնակավայրերում դարերի ընթացքում ստեղծված քրիստոնեական արժեքները՝ վանքերն ու եկեղեցիները, խաչքարերը, պատմամշակութային մյուս հուշարձանները: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ թշնամու կողմից կողոպտվել ու հրդեհվել են Հադրութում եւ շրջանի համայնքներում գտնվող բոլոր թանգարանները: Ցավոք, մասունքների մի չնչին մասն է հաջողվել դուրս բերել ու փրկել բարբարոսներից:
 
Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի ճեմասրահում բացված «Մենք կվերադառնանք» վերտառությամբ ցուցահանդեսում այցելուներին ներկայացված բացառիկ ցուցանմուշները պատմում են 44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից գրավված տարածքներում զանգվածաբար ոչնչացվող հոգեւոր եւ պատմամշակութային հուշարձանների մասին: Ըստ ԱՀ մշակութային ժառանգության պահպանության հանրային խորհրդի պատասխանատու Սերգեյ Շահվերդյանի. «Հրետակոծության տակ ընկած թանգարաններից շատ չնչին ցուցանմուշներ է հնարավոր եղել փրկել»: Այդ «գտածոներից» առավել հատկանշական են Հադրութի պատմաերկրագիտական թանգարանի եւ Մեծ Թաղերի մարշալ Խուդյակովի անվան տուն-թանգարանի որոշ արժեքներ:
 
Հավաքածուին առանձին շուք են հաղորդում Մեծ Թաղերի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգը, վարագույրներն  ու մոմակալները: Հանրահռչակելով հայկական քրիստոնեական արժեքները՝ ցուցահանդեսի նախաձեռնողները համոզված են, որ «արդարությունը վերականգնվելու է, եւ տանտերերի հետ այդ բացառիկ ցուցանմուշները վերադառնալու են հայրենի ծննդավայրեր»: Այդ կարծիքին է եւ այս օրերին գիտական ուսումնասիրություններ կատարելու, իրենց առաքելությունն Արցախում իրականացնող խաղաղապահներին քաջալերելու  նպատակով Ստեփանակերտ ժամանած ռուս հայտնի ճարտարապետ Նիկիտա Շանգինը, ով երրորդ անգամ է այցելում արցախցի բարեկամներին: Նա այն մտավորականներից է, ով Արցախի դեմ պատերազմի լուրն առնելով, իր բողոքի ձայնն է բարձրացրել հանրության շրջանում ու գիտական հրապարակումներում դատապարտել ադրբեջանցիների կողմից իրականացվող հանցագործությունները, պահանջել վերջ տալ վանդալիզմին եւ հայատյաց քաղաքականությանը: «Այն, ինչ տեսա եւ զգացի, մարդկային բանականության տիրույթում չի տեղավորվում,- ասում է նա:- Կատարվածը մշակութային ցեղասպանություն է եւ անցյալ դարասկզբին օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի դեմ իրագործված ոճրագործություններն է հիշեցնում՝ միջնադարյան ձեռագրով»:
 
Ճարտարապետը, կիսելով շրջագայության ժամանակ ստացած իր տպավորությունները, մի կողմից ոգեւորությունը չթաքցրեց, որ պատերազմից հետո լայն շինարարություն է իրականացվում Արցախում, եւ աստիճանաբար վերացվում են ավերածությունները, մյուս կողմից էլ չշրջանցեց այն իրողությունը, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մշակութային կոթողները վտանգված են ու գազանաբար ոչնչացվում են: Որպես օրինակ՝ նա արձանագրեց բերդաքաղաք Շուշիում եկեղեցիների եւ պատմամշակութային մյուս հուշարձանների ավերման ու պղծման փաստերը, Հադրութի կենտրոնում Ադրբեջանի նախագահի գլխավորությամբ մզկիթի «հիմնարկեքի» արարողությունը, որը «ցինիզմի կատարյալ դրսեւորում է Ալիեւի կողմից»… Չթաքցնելով իր համակրանքն ու հարգանքն արցախցիների նկատմամբ՝ Ն. Շանգինը նկատում է. «Այստեղ ապրող ժողովուրդը պայքարում է իր երկրի, իր հող ու ջրի, հոգեւոր ու մշակութային արժեքների պահպանման համար, եւ ոչ ոք իրավունք չունի ոտնահարելու նրա իրավունքները, խլելու դարերի ընթացքում կերտած հարուստ պատմությունը: Այս ամենի մասին ես կիսվել եմ նաեւ իմ ֆեյսբուքյան էջում եւ, բնականաբար, հաճախ եմ հարձակումների ենթարկվել ադրբեջանցիների կողմից:
 
Հաճախ եմ հայտնվել ծայրահեղականների թիրախում եւ վարկաբեկվել: Ես չեմ էլ պատկերացրել, թե ադրբեջանական հասարակությունն ինչ աստիճանի է հիվանդ: Դրանում չեմ ուզում մեղադրել հասարակ մարդկանց, քանի որ կառավարությունը, հենց այդ երկրի ղեկավարությունն է մեղավոր հայատյացություն եւ թշնամանք քարոզելու համար: Ու երբեմն զարմանում եմ, թե աշխարհը, միջազգային հանրությունն ինչպես են հանդուրժում բազում հանցագործություններ եւ ոճրագործություններ կատարած բռնապետին, ով անարգել շարունակում է «հաղթարշավը»:
 
Մինչեւ ե՞րբ»… Անդրադառնալով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ձեւափոխմանը եւ աղավաղմանը՝ ճարտարապետն այստեղ հեռահար նպատակներ ու առավել «մութ գործեր» է տեսնում. «Լսել եմ, որ չարանենգները փորձում են հայկական քրիստոնեական կոթողը վերագրել աղվաններին: Սակայն վստահ եմ՝ դա չի հաջողվի նրանց: Պատմության զեղծարարները մի օր հաստատ կանգնելու են արդարադատության առաջ: Պարզապես դա մի քիչ ուշանում է»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը