Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան

Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան

  • 18-10-2021 20:37:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեդենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Հելեն Սանդ Անդրեդենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նորվեգական հարաբերությունների առավել ամրապնդմանը և օրակարգի առավել ընդլայնմանը:
 
«Զրուցակիցները վերահաստատեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցության զարգացման և առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամությունը: Դեսպան Անդրեսենը տեղեկացրեց, որ «Team Europe» նախաձեռնության շրջանակներում Նորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը զրուցակցին համապարփակ կերպով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն