ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Արմավիրի և Արարատի մսի իրացման շուկայում

ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Արմավիրի և Արարատի մսի իրացման շուկայում

  • 18-10-2021 20:29:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը:
 
Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անասնաբուժության վարչության մասնագետների, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի ու Արմավիրի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Արարատի մարզի 8 համայնքներում՝ ներառյալ Արարատ, Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքները, և Արմավիրի մարզի 6 համայնքներում՝ ներառյալ Էջմիածին ու Արմավիր քաղաքները, կատարվել է 41 ստուգայց:
 
Արարատի մարզում 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել: Այդ խանութներում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի ամբողջ խմբաքանակի (Արարատում՝ մոտ 311կգ, իսկ Արմավիրում՝ մոտ 510կգ) իրացումը  կասեցվել է և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
 
«Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,-ասված է հաղորդագրությունում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն