Հակառակորդի նոր գնած զենքն արդեն կրակում է Արցախում

Հակառակորդի նոր գնած զենքն արդեն կրակում է Արցախում

  • 16-10-2021 10:44:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ. Արցախյան երկրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերն ահռելի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ պատճառեցին ադրբեջանաթուրքական բանակին: Զգալի կենդանի ուժի կորուստներ ունեցան նաեւ Սիրիայից եւ Պակիստանից բերված ջիհադիստ ծայրահեղականները: Դրա մասին է խոսում այն փաստը, որ հրադադարի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց զենքի ինտենսիվ գնումներ իրականացնել: Միայն այս տարվա 9 ամսվա ընթացքում Բաքուն Անկարայից գնել է 184 մլն դոլարի պաշտպանական եւ ավիացիոն արտադրանք: Այդ թիվը հրապարակել է Թուրքիայի արտահանողների միության խորհրդի անդամ Սելահեդդին Քափլանը:
 
Պետք է նկատի ունենալ, որ վերոնշյալը հրապարակման ենթակա թիվ է, եւ միանշանակ է, որ դրանից բացի կան զենքի ստվերային առուվաճառքի ծավալներ կամ դրա ուղղակի փոխանցում Ադրբեջանին: Համատեղ զորավարժությունների քողի տակ Թուրքիան մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Ադրբեջան, որի հիմնական մասը Նախիջեւանում է, եւ դրա զգալի մասն այդպես էլ չի վերադարձվում Թուրքիա: Մյուս կողմից էլ վերջին 9 ամսում Թուրքիայից Ադրբեջան է առաքվել 1.73 մլրդ դոլարի ապրանք, որի մեջ, բացի վերոնշյալ զինտեխնիկայի ծավալից, կան նաեւ ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ադրբեջանն ինտենսիվորեն զենք է գնում նաեւ Իսրայելից՝ համարվելով այդ երկրի արտադրած զենքի երկրորդ գնորդը: Մինչեւ Արցախի դեմ հրահրած ագրեսիան՝ իսրայելական զենքն Ադրբեջանի ռազմական կարիքների համար ներմուծման 17 տոկոսն էր կազմում: Դրանից հետո Իսրայելից ներմուծման ծավալներն ու չափաբաժինը մեծացել են, նաեւ՝ ռուսական զենքի ներմուծման ծավալների կրճատման հաշվին:
 
Դեռ 2016 թ. Ալիեւը խոսում էր Իսրայելի հետ զենքի գնման մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրերի մասին: Այդ երկիրն էլ Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով ստանում է իր նավթի պահանջարկի 40-45 տոկոսը: Չգրված օրենք է, որ կուտակվող զենքը մի օր կրակելու է, եւ այն արդեն կրակում է Արցախի ու Ադրբեջանի շփման գծում, ինչպես նաեւ Հայաստանի սահմաններին: Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը, Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորել են Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայողի։ Ադրբեջանի զինված ուժերը նաեւ դեպքի հաջորդ օրն Արցախի հյուսիսարեւելյան ուղղությամբ գնդակոծել են պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 9-ին, Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր Արամ Տեփնանցը: Վերեւում բերված իրադարձությունների շղթան փաստում է, որ Ադրբեջանը, խաղաղություն հաստատելու մասին հայտարարություններին հակառակ, ինտենսիվորեն սպառազինվում է եւ խախտում հրադադարի հաստատման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները: Խաղաղության մասին խոսող Բաքվի այդ գործողությունները կարող են ուղղված լինել միայն ՀՀ-ի կամ Իրանի դեմ:
 
Մյուս կողմից էլ Ադրբեջանի անընդհատ ավելացվող ռազմական կարողությունները վաղն օգտագործվելու են նաեւ Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցությունների ժամանակ, առավել եւս, որ պատերազմից հետո վերջինս միայն այդ դիրքերից է հոխորտում: Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի թելադրած սպառազինության մրցավազքին հայկական պետությունների ներգրավումն այլընտրանք չունի: Դա է թելադրում նաեւ մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության անընդհատ աճը: Հայաստանը ոչ միայն պետք է օգտվի ՀԱՊԿ շրջանակներում մատչելի զինտեխնիկայի գնման հնարավորություններից, այլեւ պետք է դիվերսիֆիկացնի զենքի գնման շուկան: ՀՀ-ի եւ ԱՀ-ի բանակների արդիականացումն այսօր հայկական պետությունների օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը