Ադրբեջանի սադրանքները լուրջ մարտահրավեր են Մոսկվայի համար

Ադրբեջանի սադրանքները լուրջ մարտահրավեր են Մոսկվայի համար

  • 15-10-2021 14:55:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
civilnet.am. Հոկտեմբերի 14-ին Արցախում արձանագրվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հրադադարի ռեժիմի ամենալուրջ խախտումներից մեկը: Ադրբեջանական կողմի բացած ականանետային կրակի արդյունքում Մարտունու շրջանի Նորշեն գյուղի մոտակայքում գտնվող դիրքերից մեկում վիրավորում է ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի վեց զինծառայող: Փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մերձաակայքում: 
 
Տեղեկատվության պակասը այս պահին թույլ չի տալիս միջադեպի պատճառների վերաբերյալ ավելի խորքային վերլուծություն անել, սակայն առաջին հայացքից սա էսկալացիայի շղթայի մի մաս է, որը սկսվել է Մարտակերտի մոտակայքում ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ տրակտորիստի սպանությունից հետո: 
 
Ադրբեջանական բանակի այս սադրանքը կրկին ի ցույց է դրել այն բոլոր չլուծված խնդիրներն ու բարդ իրողությունները, որոնք գոյություն ունեն պատերազմի ավարտից հետո: 
 
Ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում Արցախում լրջագույն խնդիրներից մեկը դասական իմաստով առաջնագծի բացակայությունն է: Առաջնագծի այն մոդելը, որը գոյություն ուներ 44-oրյա պատերազմի մեկնարկից առաջ՝ շփման գծի ողջ երկայնքով խրամատավորված դիրքեր ու պաշտպանական շինություններ, այս պահին գոյություն ունի միայն այն հատվածներում, որտեղից Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատերազմի արդյունքում ստիպված չեն եղել հետ քաշվել: Բոլոր այն մասերում, որտեղ ՊԲ ստորաբաժանումները տեղակայվել են պատերազմի ավարտից հետո, մարտական հերթապահությունը իրականացվում է ավելի բարդ պայմաններում: Այս հատվածներում չկա խրամատավորված առաջնագիծ: Չկան նաև պաշտպանական լուրջ կառույցներ: Արցախից եկող հավաստի տեղեկությունների համաձայն՝ Նորշենի մոտակայքում վիրավորում ստացած զինծառայողները գտնվում էին վրանում, երբ Ադրբեջանը ականանետային կրակ է բացել նրանց ուղղությամբ: Այս միջադեպը պետք է խթան դառնա, որպեսզի ՊԲ հրամանատարությունը ավելի ակտիվ ու հրատապ քայլեր ձեռնարկի պատերազմից հետո ձևավորված նոր շփման գծի բոլոր հատվածներում զինծառայողների պաշտպանվածության աստիճանը բարձրացնելու համար: 
 
Ադրբեջանական այս սադրանքը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը փաստացիորեն ոչ թե միջադեպեր կանխարգելող, այլ միջադեպերին արձագանքող կառույց է: Խաղապահների հիմնական գործառույթը այս փուլում այն է, որ այսպիսի լոկալ միջադեպերը ավելի մեծ էսկալացիաների չվերածվեն: Այս իրողության պատճառներից մեկը այն է, որ Արցախում տեղակայված խաղաղապահների նույնիսկ ոչ պաշտոնական թիվ շատ փոքր է շփման գծի ողջ երկայնքով ծառայություն ու վերահսկողություն իրականացնելու համար: Առաջնագծի հայկական բնակավայրերի պաշտպանության գրեթե ողջ բեռը շարունակում է մնալ Պաշտպանության բանակի վրա: Այս հանգամանքը պետք է ամեն անգամ ընկալելի լեզվով ներկայացնել Հայաստանի միջազգային գործընկերներին, երբ Ադրբեջանը հայտարարում է Արցախում գտնվող «զինված խմբավորումների զինաթափման» անհրաժեշտության մասին: 
 
Բացի այդ, հայկական կողմերի համար այս իրավիճակը չպիտի ընդունելի լինի: Ռուսական կողմի հետ շփումներում անհրաժեշտ է բարձրացնել խաղաղապահ առաքելության արդյունավետության խնդիրը: Եթե  Ռուսաստանի՝ տեղում կանխարգելիչ գործողություններ իրականացնելու ռազմական ու մարդկային ռեսուրսները սահմանափակ են, ուրեմն պետք է գործի դրվեն Ադրբեջանի վրա ազդեցության քաղաքական լծակները: Վերջիվերջո, Բաքվի ապակառուցողական պահվածքը հարվածի տակ է դնում  նաև ռուս խաղաղապահ առաքելության իմիջը, որը չափազանց կարևոր է Ռուսաստանի համար: Մեծ հաշվով, վերջին շրջանի Ադրբեջանի այս սադրանքները լուրջ մարտահրավեր են նաև Մոսկվայի համար: 
 
Նորշենի մերձակայքում տեղի ունեցած այս միջադեպը ցույց տվեց նաև, որ պատերազմի ավարտից հետո Արցախի և Հայաստանի համապատասխան մարմինները չեն կարողացել լուծել հանրության հետ օպերատիվ ու պրոֆեսիոնալ հաղորդակցություն ապահովելու խնդիրը: Պատերազմի արդյունքում շեշտակիորեն նվազել է նաև վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ: Այս ամենը լայն հնարավորությունններ է բացել տարբեր խմբերի համար նմանատիպ միջադեպերը ներքաղաքական նպատակներով մանիպուլացնելու համար: Այսպես, ադրբեջանական այս սադրանքից հետո հայկական մեդիա դաշտը ողողված էր զոհերի ու տարածքային կորուստների մասին կեղծ լուրերով: Այս իրավիճակը շտկելու համար պատասխանատու մարմիններից պահանջվել է երկար տարիների թափանցիկ ու պրոֆեսիոնալ աշխատանք: 
 
Տիգրան Գրիգորյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը