«Հարված Ռուսաստանին»․ Ինչ է կատարվել Արցախում

«Հարված Ռուսաստանին»․ Ինչ է կատարվել Արցախում

  • 15-10-2021 10:43:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Երեկ Բաքվի նախ տեղեկատվական, ապա ռազմական սադրանքների հետեւանքով Արցախի Մարտունու շրջանում 6 հայ դիրքապահներ են վիրավորվել։ Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի, հաղորդել է Արցախի ՊԲ-ն։ Մի քանի օր առաջ Բաքվի զինվորականները սպանել էին Մարտակերտի հայ խաղաղ բնակչին, ռուս խաղաղապահների ներկայությամբ։
 
Պուտինի բնորոշած «առանձին միջադեպերը» նկատելի օրինաչափությամբ համընկնում են հայկական իրավունքներին ու ՌԴ ծրագրերին առնչվող իրադարձություններին։ Այս «միջադեպը» համընկավ Իրանի վերջին շրջանի կտրուկ հայտարարություններին եւ միջազգային օրակարգում Արցախի կարգավիճակի ու Մինսկի խմբում քաղաքական կարգավորման պնդումներին։ Իսկ Հաագայի դատարանում սկսել է դատավարություն, որը կարող է բացահայտել Հայաստանի դեմ պատերազմական հանցագործությունները։
 
Նման «միջադեպերին» սովորաբար հետեւում են հայկական մեդիա-քաղաքական հայտնի շրջանակներում «Ադրբեջանը փորձում է հեղինակազրկել, կասկածի տակ ռուսական խաղաղապահությունը» տիպի ավանդական թեզերը, համեմված ռուս խաղաղապահների ու Բաքվի զինվորականների հակասությունների ու բախումների պատմություններով։
 
Հայկական դիրքերի վրա երեկվա հարձակումից հետո Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե դա հարված է թե հայկական կողմին, թե Ռուսաստանին։ Նա ասել է նաեւ, որ լայնածավալ պատերազմ չի լինի, քանի որ Արցախում են ռուս խաղաղապահները։ Հայկական մամուլն էլ սկսեց տարածել անանուն աղբյուրի մի տեղեկատվություն, թե Ռուսաստանը մտահոգված է Արցախից արտագաղթի տեմպերով, եւ եթե այնտեղ հայերի թիվը պակասի, ռուս խաղաղապահները չեն կարող կատարել իրենց առաքելությունը։
 
Պատկերը չափազանց պարզ է․ հայերին ասվում է՝ պատերազմ կլինի, եթե փորձ արվի դուրս գալ ռուս-թուրքական «կարգավորման» շրջանակներից՝ հայկական իրավունքների ու պահանջների բարձրաձայնմամբ։ Նույնիսկ եթե մի կողմ դնենք պատերազմի ու «հետպատերազմյա կարգավորման» վերաբերյալ արդեն իսկ բացահայտված էական հանգամանքները, ապա Արցախից «հայ բնակչության արտագաղթի տեմպերով մտահոգված» Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է դա կանխել։ Նախեւառաջ, անվտանգության եւ Արցախի կարգավիճակի խնդիրները լուծելու միջոցով։ Չի՞ ցանկանում, թե չի կարողանում։
 
Երեւանի ու Ստեփանակերտի մեղմ ասած կրավորական կեցվածքը անվտանգության ու քաղաքական իրավունքների հարցում բարենպաստ հող է Մոսկվայի ու նրա պրոքսի գործիք Բաքվի համար։ Բաքուն չի գնա սադրանքների, եթե չունենա Ռուսաստանի երաշխիքները։ Ռուսաստանը ոչ միայն «եռակողմ» փաթեթի երաշխավորն է, այլեւ Մինսկի խմբի համանախագահ, որը կարող է տապալել խմբում քաղաքական կարգավորման փորձերը։ Ի տարբերություն երեւանյան մեդիա-քաղաքական շրջանակների, Բաքվում լավ գիտեն «հաղթանակի» հանգամանքները եւ չեն գնա ինքնագլուխ քայլերի, քանի որ կկորցնեն ամեն ինչ։
 
Թշնամական քարոզչությունը մշակված է խնամքով ու «ամրապնդվում» է ռազմական եւ հիբրիդային  հարձակումներով։ Հայկական մեդիա-քաղաքական դաշտի հայտնի հատվածի մոսկովյան կուրատորների հեքիաթներն ընդամենը մատնում են իրականությունը։ Մոսկվային Բաքվից «տարանջատելու» իմաստն այն է, որ Ռուսաստանին չներկայացվեն տարրական պահանջներ, որոնք բխում են եռակողմ հայտարարությունից։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը