Երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան. մասնագետը՝ համաճարակաբանական վիճակի մասին

Երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքեր կան. մասնագետը՝ համաճարակաբանական վիճակի մասին

  • 14-10-2021 18:36:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վերջին շրջանում կորոնովիրուսային հիվանդությամբ վարակվածությունն Արցախում նոր թափ է ստացել: Դրա հետ մեկտեղ, հատկապես երեխաների շրջանում, աճել է վերին շնչուղիների վարակի տարածումը:
 
Հիվանդության հետագա տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկման մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման համաճարակաբան Արմինե Ասրյանի հետ:
 
«Երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության երկու դեպք է հաստատվել:
 
Զուգահեռ՝ ունենք սեզոնային վիրուսային վարակների աճ: Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ՝ վերին շնչուղիների սուր վարակի դեպքերի թիվն ավելացել է՝ պայմանավորված օդի ջերմաստիճանի կտրուկ անկման հանգամանքով»,- նշել է մասնագետը:
 
Խոսելով ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում տարվող հակահամաճարակային միջոցառումների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հիմնականում ուշադրություն պետք է դարձվի սենյակների հաճախակի օդափոխությանը։ «Վարակի տարածման ամենանպաստավոր պայմանը չօդափոխվող սենյակն է:
 
Եթե սենյակում առկա է բարձր ջերմաստիճան, սակայն այն անհրաժեշտ ձևով օդափոխված չէ, ապա հնարավոր չէ խուսափել վարակի տարածումից:
 
Օդի +18 ...+22 աստիճանը համարվում է օպտիմալ ջերմաստիճան, իսկ խոնավությունը սենյակներում պետք է լինի 40-60%»,- ներկայացրեց համաճարակաբանը:
 
Ըստ մասնագետի՝ վերին շնչուղիների վարակի առկայության դեպքում՝ չպետք է երեխային ստիպել պահանջվածից ավելի սնունդ ընդունել, փոխարենը վերջինս պետք է անսահմանափակ քանակությամբ հեղուկներ օգտագործի։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը