Այլընտրանքն արդեն դժվար է թաքցնել

Այլընտրանքն արդեն դժվար է թաքցնել

  • 14-10-2021 18:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ան Լույոն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին պատրաստվում է տարածաշրջանի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի տեքստը:
 
«Ես արդեն կարող եմ ձեզ ասել, որ Նյու Յորքում առաջընթաց է գրանցվել, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին մեզ համար հաճելի էր կազմակերպել երկու արտգործնախարարների (Հայաստանի և Ադրբեջանի) հանդիպումը: Կարող է թվալ, որ դա փոքր քայլ է, բայց դա հսկայական քայլ էր: Հուսով ենք, որ կլինեն այս կարգի այլ լուծումներ: Եվ ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք աշխատում ենք մեր ռուս և ամերիկացի գործընկերների հետ Ղարաբաղի վերաբերյալ ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքմանն ուղղված գործընթացն առաջ մղելու համար», ասել է նա:
 
«Կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույնպես պետք է շարժվեն», ասել է նա: Բաքուն, անկասկած, ամեն կերպ տորպեդահարելու է գործընթացը, և դեսպանի խոսքերն ուղղված են ոչ թե Բաքվին, այլ Երեւանին:
 
Բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագիտական ​​հանրության մակարդակով Ռուսաստանը փորձում է ռուս-թուրքական ձևաչափը ներկայացնել որպես անայլընտրանք: Գործի են դրվել անկանոն պատերազմի բոլոր տարրերը՝ շանտաժ, սպառնալիքներ, պատանդառություն, սակայն այլընտրանքն արդեն դժվար է թաքցնել: Այն, ինչ առաջարկում է «այլընտրանքը», ուղղակիորեն հակասում է Մոսկվայի և Անկարայի ծրագրերին:
 
Ֆրանսիան և Միացյալ Նահանգները բազմիցս պնդել են Արցախի կարգավիճակի քննարկման անհրաժեշտությունը, աջկցություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականությանը։ Մոսկվան և Բաքուն պնդում են, որ Մինսկի խմբում պետք է քննարկվի միայն մարդասիրական հարցերի օրակարգը, եւ համաձայնել են ՄԽ-ի այցերի վերսկսմանն այս պայմաններով: Երեւանը համաձայնություն է տվել Մոսկվայի ու Բաքվի պահանջներին։ Այնուամենայնիվ, իր վերջին հայտարարություններում քաղաքական կարգավորմանն ավելի քիչ տեղ հատկացնող Մինսկի խումբը մնում է այլընտրանք ռուս-թուրքական ձեւաչափին։
 
Այլընտրանքին միանում են Իրանը և Հնդկաստանը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է ժամանել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը: Երևանն ակնկալում է մոտ ժամանակներս Թեհրանի հետ համաձայնագիր ստորագրել «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հնդիկ գործընկեր Սուբրամանիամ Ջայշանկարի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Օրերս Երևանում տեղի ունեցավ աշխատանքային խմբի նիստ ՝ քննարկելու «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որին պաշտոնապես մասնակցում էին Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը: Հնդկաստանը նախապես հայտարարել էր նախագծին միանալու պատրաստակամության մասին:
 
Այլընտրանքը կարող է Հայաստանի համար ապահովել տարածաշրջանային կարևոր դեր, որը կդառնա անվտանգության և քաղաքական սուբյեկտության երաշխիք: Մոսկվան և Անկարան փորձում են չեզոքացնել այլընտրանքը, և Երևանը օգնում է նրանց, չնախաձեռնելով համարձակ քայլեր։ Ֆրանսիայի դեսպանը հենց նման քայլեր է ակնկալում Երևանից»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը