Ինչու Պուտինը «հանկարծ» հիշեց ահաբեկիչներին

Ինչու Պուտինը «հանկարծ» հիշեց ահաբեկիչներին

  • 14-10-2021 11:00:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Իրաքից, Սիրիայից մարտական գործողությունների փորձ ունեցող զինյալներն ակտիվորեն ձգվում են Աֆղանստան: Հետեւաբար, բացառված չէ, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարեւան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ ուղղակի էքսպանսիա սկսելը, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Պուտինը: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ այս երկրի իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ այլ տարածաշրջաններում իրավիճակի վրա, ասել է Պուտինը:
 
Ահաբեկիչների թեման տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխության համատեքստում բարձրացրեց Իրանը, նշելով, թե հայտնի էլ չէ՝ նրանք հեռացել են, թե ոչ։ Իսկ Իրանի գլխավոր դատախազը Երեւանում կոշտ հայտարարություններ արեց այս կապակցությամբ, չբացառելով սրման դեպքում կտրուկ քայլերը։
 
Ուշագրավ է, որ Արցախյան 2020-ի պատերազմի ժամանակ Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների եւ տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի» ներկայության հարցով Իրանը հարցեր է ուղղում Ռուսաստանին ու Բաքվին։
 
Արցախյան 2020-ի պատերազմի օրերին ՌԴ ԱԳ նախարարը եւ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշում էին, որ Սիրիայից հարյուրավոր ահաբեկիչներ մեկնում են Լեռնային Ղարաբաղ, եւ Անդրկովկասը կարող է դառնալ «պլացդարմ ահաբեկիչների համար»։ Ի պատասխան Բաքվի դժգոհության՝ ՌԴ ԱԳՆ-ն հավաստել էր, որ Լավրովի հայտարարության մեջ կշտամբանք որեւէ երկրի հասցեին չկա։ Ավելի ուշ Լավրովը հայտարարել էր, որ ահաբեկիչներն այլեւս որեւէ վտանգ չեն ներկայացնում։
 
Սիրիայից Արցախ ահաբեկիչների տեղափոխման հանգամանքներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Թալիբների հետ Ռուսաստանի համագործակցությունը ընդդեմ ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Ռուսաստանի կողմից ահաբեկչության ռեսուրսի օգտագործումը թույլ են տալիս պատկերացում կազմել Արցախյան 2020 թ․ պատերազմում սիրիացի վարձկանների հարցում Կրեմլի ունեցած դերակատարության մասին:
 
Պուտինի շեշտադրումները վկայում են, որ այդ ունիվերսալ ռեսուրսը կրկին կարող է կիրառվել։ Իր հերթին, Իրանի պնդումները շրջանում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ այդ տարածքները դարձնում են օրինական թիրախ։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը