Թեհրանի հետ Մոսկվայի կապերն ակտիվորեն զարգանում են նաեւ Երեւանի միջոցով

Թեհրանի հետ Մոսկվայի կապերն ակտիվորեն զարգանում են նաեւ Երեւանի միջոցով

  • 14-10-2021 10:38:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Հայաստանի Հանրապետություն օրաթերթ». Ռուսները կարո՞ղ են թույլատրել, որ Անկարան կովկասյան տարածաշրջանն օգտագործի սեփական աշխարհաքաղաքական մտադրությունների կամ պարզապես արկածախնդրության համար: Այդ հարցին փորձել է պատասխանել Մեֆդի Պուրսավան իրանական «Fars»-ում հրապարակած իր հոդվածում՝ շեշտելով, որ Ռուսաստանն ավանդաբար մեծ դեր է խաղում Կովկասում, եւ Թուրքիայի՝ Կովկաս մտնելու ձգտումն անխուսափելիորեն կհանգեցնի բախման Մոսկվայի հետ:
 
Կովկասյան տարածաշրջանում եւ Սեւ ծովի ավազանում Թուրքիայի ազդեցությունը կարող է հիանալի գործիք լինել այն բանի համար, որպեսզի այդ երկիրը մարտահրավեր նետի Մոսկվայի հզորությանն ու իշխանությանը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը, որպես նրա աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ժառանգորդ, լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի պահպանի վստահելի հարաբերությունները նոր պետությունների հետ, որոնք առաջացել են 1991 թվականից հետո, եւ որոշ առումով դա նրան հաջողվել է: Օրինակ՝ Ռուսաստանը մինչեւ 2013-2014 թթ. ուկրաինական քաղաքական ճգնաժամը իրականում շատ բանի է հասել: Այսպես՝ Ուկրաինան ու Հայաստանը, ընդհանուր առմամբ, հետեւեցին այն քաղաքական կուրսին, որն անհրաժեշտ էր Մոսկվային՝ հեռու մնալով «եվրաինտեգրումից», ինչի փոխարեն մասնակցեցին Եվրասիական տնտեսական միության նախագծերին, միություն, որը Մոսկվան գործնականում միայնակ էր ստեղծել, որում գլխավոր կենտրոնաձիգ ուժն ինքն էր: Ադրբեջանի հետ Ռուսաստանի համագործակցությունը նույնպես բավական դինամիկ էր զարգանում, նույնիսկ առանց Մոսկվայի լուրջ ջանքերի: Վրաստանում Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունը՝ բացահայտ եվրոպական ուղղվածությամբ, տապալվեց, եւ նրան փոխարինած ուժերն սկսեցին կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ նույնիսկ չնայած այն բանին, որ Ռուսաստանն աշխարհի այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որը պաշտոնապես ճանաչել է Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Սակայն 2013-2014 թթ. Ուկրաինայի իրադարձությունները որոշ չափով խառնեցին Ռուսաստանի խաղաքարտերն իր ազդեցությունը մերձավոր արտասահմանում, ծայրահեղ դեպքում՝ նրա կովկասյան հատվածում վերջնականապես ամրապնդելու ձգտումներում:
 
Ադրբեջանն սկսեց ակտիվացնել կապերը Թուրքիայի հետ, որոնք վերահաստատվել էին ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո. սակայն այդ ժամանակամիջոցում ռազմական միության նման մի բան սկսեց ձեւավորվել Բաքվի ու Անկարայի միջեւ, որի շնորհիվ առաջինը շատ ավելի ծանրակշիռ աջակցություն ստացավ արցախյան հերթական պատերազմում: Վրաստանը նույնպես ամրապնդեց կապերն Արեւմուտքի հետ, եւ Թբիլիսիում կրկին սկսեցին լրջորեն քննարկել երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալու հնարավորության հարցը: Բայց այս ամենն այնքան վտանգավոր չէ Ռուսաստանի համար, որքան տարածաշրջանում Թուրքիայի աճող ազդեցությունը, որը, անկախ իրադարձությունների ընթացքից, շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի անխուսափելի դաշնակիցն է եւ ակտիվորեն նպաստում է Վաշինգտոնի հետաքրքրությունների առաջխաղացմանը: Թուրքիայի ազդեցության աճը կարող է դառնալ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման սկիզբ: Իհարկե, Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանում միշտ բախվել է որոշակի դժվարությունների, որտեղ շատ խաղացողների հետաքրքրություններ են հատվել, սակայն ուկրաինական ճգնաժամից հետո ամեն ինչ մի քիչ բարդ էր, հենց մի քիչ, քանի որ Ռուսաստանը, ինչպես ներկայացվում է, ժամանակին ճիշտ քայլ կատարեց՝ դառնալով գլխավոր միջնորդ ղարաբաղյան հակամարտության վերջին փուլում՝ փաստացի հանդես գալով հօգուտ Ադրբեջանի տարածքային հավակնությունների բավարարման:
 
Դա փոքր-ինչ խախտեց Բաքվի ու Անկարայի միջեւ չափազանց ինտենսիվ զարգացող ռազմական համագործակցության դինամիզմը, բայց միեւնույն ժամանակ Ռուսաստանը չկորցրեց իր համար չափազանց կարեւոր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ, որտեղ Մոսկվային շարունակում են համարել հիմնական գործընկեր ամենատարբեր ոլորտներում: Կովկասում ռուսական հետաքրքրությունների ամենալուրջ սպառնալիքը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ներկայության ու ազդեցության տարածումն է ռազմավարական առումով կարեւոր միջանցքում՝ Արցախում: Քանզի եթե հնարավոր լինի իրականացնել Թուրքիայի մասշտաբային մտադրությունները, որոնք ենթադրում են ամբողջությամբ փակել ադրբեջանական տարածքը եւ խժռել Ղարաբաղի հայկական բնակավայրերը, ապա պետք է սպասել, որ Իրանի հետ Ռուսաստանի կապերը, որոնք ակտիվորեն զարգանում են հենց Հայաստանի տարածքի միջոցով, չափազանց կդժվարանան: Այդ դեպքում դրանք կսահմանափակվեն միայն Կասպից ծովի ջրային ուղիով կամ Կենտրոնական Ասիայի բավական երկար ու թանկարժեք շրջանցիկ ճանապարհով: Դա, անկասկած, խոչընդոտներ կստեղծի Կովկասի կարճ ճանապարհով ռուս-իրանական համագործակցության համար եւ սպառնալիքի տակ կդնի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման մասշտաբային նախագծի իրականացումը: Բացի այդ, կծանրանա Հայաստանի դրությունը, որը պատմականորեն Ռուսաստանի գլխավոր դաշնակիցն է Կովկասի տարածաշրջանում: Արդյունքում այս ամենը պարզապես կկապի ՌԴ-ի ձեռքերը Կովկասում եւ, ընդհակառակը, կարձակի Անկարայի ձեռքերը, որի վարքագիծը տարածաշրջանում կարող է անկանխատեսելի լինել: Թուրքիան, բախվելով Լիբիայում ու Սիրիայում իր «նախագծերի» լիակատար ձախողմանը, անկասկած, կձգտի այդ կորուստները փոխհատուցել գոնե Կովկասյան տարածաշրջանի հաշվին: Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ եւ առանց խոչընդոտի հաղորդակցությունը, եթե իրականություն դառնա Արցախի ու Սյունիքի տարածքների հաշվին, կարող է օգնել Էրդողանին՝ իրականացնելու ոչ միայն իր նեոօսմանյան դոկտրինան, այլեւ Թուրքիային կմոտեցնի Չինաստանի ցամաքային հաղորդակցային ուղիներին, ինչն ինքնըստինքյան տնտեսական զգալի առավելություն կլինի: Եթե Թուրքիան կարողանա իրականացնել այս բոլոր պլանները, նրա պահվածքը, անկասկած, շատ ավելի ագրեսիվ կլինի: Ռուսները մեկ անգամ չեն եղել տարածաշրջանում Թուրքիայի անկայուն քաղաքականության վկաները՝ սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից, ուստի, անշուշտ, հաշվի են առնում դա՝ կառուցելով իրենց քաղաքական կուրսը Կովկասում:
 
Այս ամենը, ներառյալ այն, որ եւ Թուրքիան, եւ Ադրբեջանը կարող են կանաչ լույս վառել Կովկասի նկատմամբ Արեւմուտքի քաղաքականության առջեւ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպառնում է Ռուսաստանի շահերին: Եվ այդ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետեւանքները, որոնց, ակնհայտ է, ձգտում է Թուրքիան տարածաշրջանում, հնարավոր չի լինի հետ շրջել: Հետեւաբար, ներկա պահին Ռուսաստանի համար չափազանց կարեւոր է սահմանափակել Թուրքիայի հնարավորությունները տարածաշրջանում, չթույլատրել նրա մտադրությունների ազատ իրականացումը: Այդ դեպքում Ռուսաստանը անպայման կունենա Իրանի օգնության ու աջակցության կարիքը: Բացի այդ, Ռուսաստանի աջակցությունը որոշակիորեն համապատասխանում է տարածաշրջանում Իրանի հետաքրքրություններին: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքերով՝ Կովկասում ցանկացած անկայունություն ցավագին կլինի, առավել եւս՝ կապված ձեւավորված եւ գործող սահմանների փոփոխության փորձերի հետ: Այսպիսով՝ Ռուսաստանի համար Կովկասում իր դիրքերի ու շահերի պահպանման տեսանկյունից շատ կարեւոր է համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա, հավանաբար, հասկանում են նաեւ Կրեմլում, որտեղ այլեւս հարցականներ չկան՝ կապված տարածաշրջանում Թուրքիայի քաղաքական նպատակների հետ, որոնք ռազմավարական առումով հակասում են ՌԴ-ի նպատակներին ու հետաքրքրություններին:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը