Հետո, երբ ամեն ինչ ավարտվա՞ծ կլինի

Հետո, երբ ամեն ինչ ավարտվա՞ծ կլինի

  • 13-10-2021 16:21:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Հայաստանի գոյություն չունեցող ԱԳՆ-ի ղեկավար նշանակված Արարատ Միրզոյանն այսօր Հնդկաստանի դեսպանի հետ ասուլիսում վերահաստատել է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ Մինսկի խմբում նախ պետք է քննարկել հումանիտար հարցերը, հետո նոր՝ քաղաքական կարգավորման, մասնավորապես կարգավիճակի հարցը։
 
Դա Մոսկվայի ու Բաքվի դիրքորոշումն է, որոնք հակամարտությունը համարում են լուծված եւ գտնում են, որ Մինսկի խումբը կարող է զբաղվել միայն «հումանիտար չլուծված հարցերով»։ Եթե ՄԽ արեւմտյան համանախագահները չլուծված հարցերի տակ հասկանում են մասնավորապես կարգավիճակի հարցը, Մոսկվան ու Բաքուն համարում են, որ դրանք գերիների, մշակութային ժառանգության պահպանման, հաղորդակցությունների, փախստականների վերադարձի հարցերն են։ Ընդ որում, գերիներին չվերադարձնելը եւ Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը, հայ բնակչության տեղահանությունը շարունակվում է նման «չլուծված հարցերը» օրակարգում պահելու համար, չնայած Մոսկվան ու Բաքուն եռակողմ փաստաթղթով նման հանձնառություն են ստանձնել։
 
Մինսկի խումբը Մոսկվային ու Բաքվին անհրաժեշտ է «եռակողմ փաթեթը» որպես կարգավորում լեգիտիմացնելու համար, առանց կարգավիճակի եւ քաղաքական կարգավորման այլ սկզբունքների։ Դա հաջողությամբ իրականացնելու համար էական է Երեւանի դիրքորոշումը, եւ ԱԳՆ ղեկավարը վերահաստատում է Մոսկվայի ու Բաքվի պահանջներին համաձայնությունը։ Մնացյալը՝ կարգավիճակի, Մինսկի խմբի եւ այլնի մասին, սեփական դեմքը փրկելու շարքից է»։
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը