ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված. Մոսկվայում կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

  • 12-10-2021 19:27:49   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Կրեմլում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ողջունելով հայաստանցի գործընկերոջը՝ ՌԴ նախագահը նշեց, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու տեսանկյունից անձնական հանդիպումները միշտ էլ արդյունավետ են անցնում ու հույս հայտնեց, որ այս անգամ ևս այդպես կլինի:
 
«Մենք կխոսենք թե ֆորմալ, և թե ոչ ֆորմալ միջավայրում, կճաշենք, կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին: Շուտով մեզ մոտ ԱՊՀ գագաթնաժողովն է, կցանկանայինք ձեզ հետ «համաձայնեցնել ժամացույցները» (ռուս. Сверить часы – փոխաբերական իմաստով՝ համաձայնեցնել դիրքորոշումները, քայլերը, խմբ.) նաև այդ ուղղությամբ և, բնականաբար, մեր համագործակցության հիմնական հարցերով, այդ թվում՝ այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը:
 
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով, որ սա այս տարի ՌԴ նախագահի հետ արդեն չորրորդ հանդիպումն է: «Կարծում եմ, նման հաճախակի հանդիպումները վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի ու մեր ռազմավարական դաշնակցային հարաբերությունների կարևորության երկուստեք ընկալման մասին: Իհարկե, ներկայումս մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում տեղի են ունենում դինամիկ պրոցեսներ, և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, զրուցեն, ինչպես Դուք ասացիք՝ «համեմատեն ժամացույցները»: Իհարկե, ցավոք առայժմ չի կարելի ասել մեր տարածաշրջանում իրավիճակի լիարժեք կայունացման մասին: Ինչպես Դուք նկատեցիք, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության կարգավորման ու ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում առանցքային դեր է խաղում Ռուսաստանը, որ հանդիսանում է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր: Իհարկե, այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային հարցեր են, և ես շատ ուրախ եմ այս ամբողջ օրակարգը ձեզ հետ քննարկելու առիթի համար»,- ասաց Փաշինյանը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը