Ճանապարհները բացելուց առաջ դրանցով նախևառաջ պետք է վերադառնան ռազմագերիները. Սիմոնյան

Ճանապարհները բացելուց առաջ դրանցով նախևառաջ պետք է վերադառնան ռազմագերիները. Սիմոնյան

  • 12-10-2021 14:57:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի իշխանությունների համար Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցն ամենաառաջնայիններից է, դրա համար անում են ամեն ինչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
 
«Ռազմագերիներն ամբողջությամբ վաղուց պետք է վերադարձած լինեին: Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով»,-ասաց Սիմոնյանը:
 
ԱԺ նախագահը շեշտեց՝ ռուս գործընկերների ընկալումն այս հարցում նույնն է. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որը ենթադրում է բոլոր պահվող անձանց վերադարձ, աներկբա պետք է կատարվի:
 
«Այսօր, երբ խոսում ենք ճանապարհների բացման, հարաբերությունների և խաղաղության մասին, պետք է մի բան մշտապես ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի այդ ճանապարհներով նախևառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան»,-ասաց նա:
 
Սիմոնյանը ՌԴ-ում իր հանդիպումներում կոնկրետ անձանց հետ կապված քննարկումներ է ունեցել: «Կին ռազմագերու հետ կապված ինֆորմացիա կա: Ցավոք սրտի, ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: Այսօր ես ունեմ հանդիպում նաև Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ, որտեղ այդ հարցը պետք է քննարկեմ իրենց հետ: Մեծ հույսեր և վստահություն ունեմ, որ մոտ ապագայում մենք ռազմագերի հասկացությունը, միգուցե, կթողնենք անցյալում: Համենայնդեպս, մենք ամեն ինչ անում ենք, դա մեզ համար ամենաառաջին խնդիրներից է»,-վստահեցրեց ԱԺ նախագահը:
 
Ադրբեջանը, չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությանը, դեռևս հրաժարվում է ամբողջությամբ վերադարձնել բոլոր հայ գերիներին:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը