Ինչպես ռուս խաղաղապահները դուրս կգան կասկածի տակից

Ինչպես ռուս խաղաղապահները դուրս կգան կասկածի տակից

  • 11-10-2021 11:14:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Հոկտեմբերի 9-ին Բաքվի զինվորականների կողմից Մարտակերտի բնակչին սպանելու տեղեկությունը հայաստանյան զլմ-ների ու ռազմական ու ոչ ռազմական փորձագետների, ինչպես նաեւ Արցախի ԱԳՆ-ի կողմից որակվեց որպես «Ռուսաստանի խաղաղապահների առաքելությունը կասկածի տակ դնելու փորձ»։ Սա վերածվել է մանթրայի ու կրկնվում է նոյեմբերի 9-ից ի վեր տեղի ունեցած նման բազմաթիվ հանցագործությունների կապակցությամբ։
 
Հետաքրքիր է՝ Մարտունիում Նժդեհի արձանը հանելու պահանջը, Ամարասի վանական համալիրից Արցախի դրոշը հանելը, Ստեփանակերտի մոտ մզկիթի կառուցումը եւ ռուս խաղաղապահների նման այլ գործողությունները նո՞ւյնպես կասկածի տակ են դնում նրանց առաքելությունը։
 
Բաքվում երեւում է կասկածներ չունեն, այդ պատճառով անում են ինչ ուզում են։
 
Իսկ գուցե ռուս խաղաղապահներն իրե՞նք են կասկածի տակ դնում իրենց առաքելությունը։ Հոկտեմբերի 9-ի սպանության կապակցությամբ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի հետաքննում է միջադեպը։ Կհետաքննեն այնքա՞ն, մինչեւ մոռացվի, ինչպես նախորդ դեպքերում, իսկ Պեսկովն էլ հայտարարի, որ այդ հետաքննությունները գլխացավանք են ռուս խաղաղապահների համար։
 
ՀՀ ԱԳՆ-ն պահանջել է հետաքննություն։ Տեսնենք, թե որքան հետեւողական կլինեն, օրինակ՝ ամեն օր պահանջեն տեղեկատվություն, թե ինչ է պարզել հետաքննությունը։ Հիշեցնենք հումանիտար օրակարգն առաջնային հռչակած ԱԳՆ-ին, որ հոկտեմբերի 9-ին ամենահումանիտար աշխատանք՝ հողի վար ու ցանք անող հայ խաղաղ բնակչի սպանությունը նաեւ եռակողմ հայտարարության խախտում է եւ պահանջում է հետաքննությունից հետո կոնկրետ գործողություններ։
 
Մանավանդ, որ հոկտեմբերի 9-ի սպանության կապակցությամբ ուշագրավ խոսակցություններ են պտտվում Ստեփանակերտում։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը