Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին

Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին

  • 08-10-2021 19:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Բասկերն իրենց վերաբերմունքն են արտահայտել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին։
 
Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է մի բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք։
 
«Ադրբեջանից պահանջում ենք շտապ ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ գերիներին` առանց նախապայմանների և ինչպես պահանջում է ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։
 
Ինչպես նաև միանում ենք Եվրախորհրդարանի առաջարկին, որով վերահաստատվում է Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների միջոցով լուծելը, ուժի գործադրման բացառումը, ինչպես նաև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը»,– իր ելույթում ասել է Բասկերի երկրի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Օիհանա էչեբերիետա Լեգրանը։
 
Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով շփումների հանգամանքը` ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով` իրենք նախ պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին` իր տարածքային և հանրային իրավունքները պաշտպանելու գործում։
 
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
 
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը