Ռուսաստանը պատրաստվում է Արցախի հարցով ՄԱԿ բանաձեւի՞ն

Ռուսաստանը պատրաստվում է Արցախի հարցով ՄԱԿ բանաձեւի՞ն

  • 17-09-2021 15:48:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
lragir.am. Նոյեմբերի 9-ին հրադադարի համաձայնագրի բոլոր տարրերը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, եղել են երկխոսության մաս, բացառությամբ ռուս խաղաղապահների տեղակայման հարցի, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
 
«Խումբը քննարկում էր, որ լավագույն լուծումը կլինի խաղաղապահների կազմը, որում ներկայացված չեն լինի ոչ հարևան երկրները, ոչ համանախագահ երկրները: Կարծում եմ, որ Ռուսաստանը դրան համաձայն էր: Ինչու՞ նա բերեց իր խաղաղապահներին: Ինձ թվում է, որ դա պայմանավորված էր հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների համար սպառնալից իրավիճակով, Շուշիի շուրջ դինամիկ զարգացումներով: Այսպիսով, ես հասկանում եմ, թե ինչ արեց Ռուսաստանը, բայց մինչ այդ քննարկվել էին մնացած բոլոր տարրերը», ասել է նա:
 
Արցախում խաղաղապահների կազմը դառնում է կարգավորման հիմնական թրիգեր, և այդ որոշումից է կախված տարածաշրջանում իրադարձությունների հետագա զարգացումը: Ռուսաստանը խոսում է իր ներկայության երկարաձգման մասին: Տեղեկություններ կան, որ ռուս խաղաղապահները պատրաստվում էին «Ղարաբաղի առաքելությանը» արդեն 2020 թվականի հուլիսին՝ պատերազմից երկու ամիս առաջ: Արդեն ռուս փորձագետներն են խոսում այն մասին, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն Արցախում տեղի է ունեցել Արցախի կարգավիճակի ոչնչացման ու Շուշիի ու Հադրութի՝ Բաքվին հանձնելու դիմաց։
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պնդում են ՄԽ ձևաչափով բանակցություններին վերադառնալու և Արցախի կարգավիճակի որոշման հարցերը: Սա, իր հերթին, ենթադրում է միջազգային խաղաղապահ զորախմբի տեղակայում, բայց ոչ «նոյեմբերի 9»-ի գծով:
 
Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան կարելի էր մտածել, մանավանդ որ Ռուսաստանը մտնում է տուրբուլենտության փուլ, որին կարող է հետեւել Ռուսաստանի «հեռանալը» տարածաշրջանից:
 
Հայաստանի ղեկավարությունը ամուր կառչել է «եռակողմ» համաձայնագրերից և փնտրում է «այլընտրանքներ» այնտեղ, որտեղ դրանք չկան: Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, ստորագրվել են ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի զարգացման վերաբերյալ փաստաթղթեր: «Դրանք նախատեսում են  ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կիրառումը՝ ՀԱՊԿ անդամ համակարգող պետության միջոցով», պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
 
ՄԱԿ-ը համառորեն հրաժարվում է ՀԱՊԿ-ին տրամադրել խաղաղապահ մանդատ, իսկ ՀԱՊԿ-ը միայն հիմա է իր  փաստաթղթերում մտցրել դրա օրենսդրական բազան:
 
Ռուսաստանն, ըստ ամենայնի, պատրաստվում է ՄԱԿ-ում Արցախի հիմնախնդրի հնարավոր քննարկմանը և միջազգային խաղաղապահ առաքելության վերաբերյալ բանաձևին ՝ հույս ունենալով փոխարինել ռուսական զորքերը ՀԱՊԿ «խաղաղապահներով»:
 
Մեկնաբան Նաիրա Հայրումյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը