Հայաստանեան եպիսկոպոսաց ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

21-01-2020 11:19:34   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Յունուարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ հայաստանեան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով:
 
Ժողովի ընթացքում քննարկուեցին թեմերում հոգեւոր կեանքի վերաշխուժացմանն ուղղուած ծրագրերին եւ հովուական առաքելութեան զօրացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարուեց հոգեւոր հովիւների ծառայութեանը, թեմերում առկայ կարիքներին եւ եկեղեցականների առջեւ ծառացած հիմնական մարտահրաւէրներին: Մտքեր փոխանակուեցին նաեւ եկեղեցականների պատրաստութեան, հոգեւոր-կրթական հաստատութիւնների սաների ընդունելութեան եւ կրթութեան բարելաւման վերաբերեալ:
 
Քննարկումներ ծաւալուեցին եկեղեցի-պետութիւն յարաբերութիւնների համատեքստում կարգաւորման ենթակայ խնդիրների շուրջ: Ժողովականները կարեւորեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբերի հետեւողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի եւ բարեպաշտ ժողովրդի:
 
Անդրադարձ կատարուեց նաեւ «Քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների խումբ» անուան տակ հանդէս եկող հասարակական որոշ կազմակերպութիւնների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստուած զեկոյցին:
 
Եպիսկոպոսաց հաւաքի կողմից արձանագրուեց, որ յիշեալ զեկոյցում տեղ են գտել մի շարք խնդրահարոյց գնահատականներ եւ դիտարկումներ: Բացարձակապէս անընդունելի ու դատապարտելի նկատուեց զեկոյցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելութեան ոչ ճշգրիտ եւ նենգափոխուած ներկայացումը, որը ինքնին խտրականութեան եւ ատելութեան դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թուով ճնշող
մեծամասնութիւն հանդիսացող հետեւորդների նկատմամբ:
 
Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնայատուկ կարգավիճակը բացարձակօրէն չի ենթադրում կրօնական կազմակերպութիւնների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապէս Հայ Եկեղեցու թէ՛ անցեալի եւ թէ՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետութեան եւ նրա քաղաքացիների կողմից:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 109 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին