Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

10-12-2019 13:11:22   |   |  Մամլո հաղորդագրություն
 

 
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետութիւնում Ռումինիայի նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Կորնել Իոնեսկուին: 
 
Իր օրհնութիւնն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակութեամբ անդրադարձաւ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ եւ սերտ յարաբերութիւններին, ինչը վկայուած է նաեւ Ռումինիայում շուրջ հազար տարուայ պատմութիւն
ունեցող հայկական ժառանգութեան առկայութեամբ:
 
Հայ-ռումինական յարաբերութիւնների սերտացման, խորացման եւ համագործակցութեան ընդլայնման գործում Նորին Սրբութիւնը կարեւորեց Ռումինիայի հայ համայնքի դերակատարութիւնը: Վեհափառ Հայրապետը նաեւ խօսեց Ռումինիայի եւ ռումին ժողովրդի հանդէպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնայատուկ ջերմութեան մասին, ինչը պայմանաւորուած էր երջանկայիշատակ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով եւ գործունէութեամբ: 
 
Շնորհակալութիւն յայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնութեան եւ բարեմաղթանքերի համար՝ պրն. Կորնել Իոնեսկուն հաւաստիացրեց, որ իբրեւ դեսպան իր ջանքերը կներդնի հայ-ռումինական յարաբերութիւնների առաւել ամրապնդման համար: Դեսպանը անդրադարձաւ նաեւ Ռումինիայի հայ համայնքի եւ Ռումինիայի հայոց թեմի կեանքին` ընդգծելով տարբեր ժողովուրդների ազգային ինքնութեան եւ մշակութային ժառանգութեան պահպանմանն ի նպաստ Ռւոմինիայի իշխանութիւնների կողմից դրսեւորուող հոգատարութիւնը: 
Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջոյններն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիէլ Պատրիարքին` նորանշանակ դեսպանին մաղթելով, որ Աստուած ուղեկից լինի վերջինիս իր առաքելութեան արդիւնաւորման համար:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 304 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին