Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի երիտասարդական միութիւնների ատենապետներին

04-11-2019 16:52:28   |   |  Մամլո հաղորդագրություն
 


 
Նոյեմբերի 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20 թեմի երիտասարդական
միութիւնների ատենապետներին եւ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միաւորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենեակի աշխատակազմին՝ գլխաւորութեամբ ՀԵՀԵՄ-ի հոգեւոր տեսուչ եւ կենտրոնական գրասենեակի տնօրէն Հոգեշնորհ Տ. Թովմայ վարդապետ Խաչատրեանի: 
 
Յանդիպումն սկսուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ հայցելով Նորին Սրբութեան օրհնութիւնը՝ Հայր Թովման տեղեկացրեց՝ նախորդ օրերին՝ նոյեմբերի 1-2-ին, Հայաստանում անցկացուած ատենադպիրների ժողովում քննարկուած մի շարք հարցերի եւ  ՀԵՀԵՄ-ի յետագայ գործունէութեան առնչութեամբ մշակուած ծրագրերի վերաբերեալ:
 
Հայր Սուրբը նաեւ
ներկաների անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը օծման եւ գահակալութեան 20-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով անսասան եւ արգասաւոր գահակալութիւն:
 
Նորին Սրբութիւնը, ողջունելով երիտասարդներին, ուրախութեամբ յաստատեց, որ Հայ Եկեղեցում գործող երիտասարդական միութիւններն իրենց ակտիւ ծառայութիւնն են բերում եկեղեցու առաքելութեանը, պայծառացմանն ու բարգաւաճմանը: Մեծապէս կարեւորելով երիտասարդական կառոյցների գործունէութիւնը՝ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նրանք են հայրենիքի եւ եկեղեցու ապագայի կերտողը, իրենց հայրենաշէն ու եկեղեցաշէն գործերով պէտք է նպաստեն Հայաստանի հզօրացմանը, առաջընթացին եւ հայ ժողովրդի բարօր կեանքին:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ անդրադարձաւ նաեւ անցնող տարիներին ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենեակի ակտիւ եւ արգասաբեր գործունէութեանը՝ կարեւոր նկատելով Հայ Եկեղեցու թեմական կառոյցների հետ վերջինիս համագործակցութեան ընդլայնումը, որով առաւել մեծ հնարաւորութիւններ են ընձեռնւում երիտասարդական միութիւնների աշխատանքն արդիւնաւոր կազմակերպելու եւ Հայոց Եկեղեցու սրբազան առաքելութիւնն արդիւնաւէտ իրականացնելու համար:
 
Վերջում Նորին Սրբութիւնն իր գնահատանքը յայտնեց ՀԵՀԵՄ հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանին եւ Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներին երիտասարդական միութիւնների յանդէպ հայրական խնամք դրսեւորելու եւ, ըստ ամենայնի, նպաստելու նրանց հայրենաշէն գործունէութեանը: Յանդիպմանը ներկայ էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը, Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականեանը, Սամցխէ-Ջաւախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Մաղաքիայ վարդապետ Ամիրեանը:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին