Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորին

20-09-2018 16:06:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին` ուղեկցութեամբ համալսարանի Դեյվիդ Գեֆենի անուան բժշկական քոլեջի համաղեկավար դոկտոր Էրիկ Էսրաիլեանի: 
Նորին Սրբութիւնը ողջունեց նրանց այցը, որի նպատակն է նոր գործակցութիւն ձեւաւորել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի եւ Հայաստանի բարձրագոյն կրթական հաստատութիւնների միջեւ: 
 
Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձաւ համալսարանի կողմից այդ ուղղութեամբ արդէն իսկ գործադրուած ջանքերին` մասնաւորապէս Հայաստանի Ամերիկեան համալսարանի կայացման գործում ունեցած կարեւոր ներդրմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ կրթական ասպարէզում երիտասարդութեան համար նոր հնարաւորութիւնների ստեղծումը կարող է  լուրջ հիմք դառնալ արտագաղթի նուազեցման համար: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր երախտագիտութիւնը յայտնեց պրն. Ջին Բլոքին Հայաստանում եւ Միացեալ Նահանգներում այս ուղղութեամբ ձեռնարկուող քայլերի համար: 
Վեհափառ Հայրապետն ուրախութեամբ փաստեց, որ ձեւաւորուող գործակցութեան համար խթան է սերտ բարեկամութիւնը ԱՄՆ հայ համայնքի հետ: Այս կապակցութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց նաեւ դոկտոր Էրիկ Էսրաիլեանին այս հարցում ունեցած կարեւոր դերակատարութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքի ազգային-հոգեւոր կեանքի զօրացման գործում ունեցած ակտիւ մասնակցութեան եւ ներդրման համար:  
Իր հերթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ իր ծանօթութիւնը հայ ժողովրդի հետ մինչ այս եղել է ամերիկահայ համայնքի միջոցով: Պրն. Բլոքը նշեց, որ պատկառելի հայ համայնք կայ նաեւ Կալիֆոռնիայի համալսարանում, անդրադարձաւ ապագայ գործակցութեան ծրագրերին:
Զրոյցի ընթացքում խօսուեց հայ ժողովրդի մշակոյթի եւ ազգային ինքնութեան պահպանման գործում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի բացառիկ դերակատարութեան, երկրի եւ Եկեղեցու առջեւ ծառացած ժամանակակից մարտահրաւէրների մասին: Անդրադարձ կատարուեց նաեւ Հայոց Եկեղեցու առաքելութեանը նուիրեալ եւ հաւատաւոր հայորդիների բերած զօրակցութեանը եւ Մայր Աթոռի կողմից իրականացուող կրթական ու սոցիալական ծրագրերին:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 140 անգամ

 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին