ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը

11-12-2019 11:00:00   | Հայաստան  |  
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11։00-13։00-ն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) մեծ դահլիճում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կտոնի Հայաստանում իր գործունեության 25-ամյակը և առաջին անգամ երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի։
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար յուրաքանչյուր երեխա առանձին անհատ ու պատմություն է, որոնցից  յուրաքանչյուրն էլ կարևոր են։ Մենք բավականին ջանք ու միջոց ենք ներդրել, որպեսզի յուրաքանչյուր երեխա հնարավորինս լավ մանկություն և իր ողջ ներուժն իրացնելու արդար ու հավասար հնարավորություններ ունենա: Վերջին 25 տարիներին բավականին  ձեռքբերումներ ու հաջողություններ ենք գրանցել այդ գործում։ Սակայն դեռ շատ երեխաների
պատմությունների նախաբանը այնքան էլ ուրախացնող չէ, իսկ ավարտն այնքան էլ ոգեշնչող ու արդարացի չի լինում։ Եթե կարողանանք փոխել պատմության սկիզբը, կարող ենք փոխել ամբողջ պատմությունը։
 
Հենց այդ նպատակով հաջորդ 25-ամյակում մենք նոր գործելաոճ ենք որդեգրում։ Մենք ընդլայնելու ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընտանիքն ու գործընկերների ցանկը, Հայաստանի երեխաների կյանքը սկսելու ենք փոխել նաև մեր այն դոնորների շնորհիվ, ում համար երեխաներն ամենակարևորն են:
 
Յուրաքանչյուր երեխայի
մանկություն-պատմությունը բարի հեքիաթ դարձնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը առաջին անգամ Հայաստանում երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան կնշանակի՝ իր ջանքերը միավորելով սիրված մանկագիր, բազմաթիվ մանկական հեքիաթների հեղինակ տիկին Նունե Սարգսյանի հետ:
 
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունենալիք միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, բիզնես համայնքի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկա և նախկին աշխատակիցներ և Բարի կամքի դեսպան Մաքսիմ Վենգերովը։
 
 
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 217 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին