Առաջին թռիչքով Երևանից Բեյրութ կուղարկվի 12 տոննա օգնություն

07-08-2020 12:19:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ՀՀ կառավարության կողմից Լիբանանի կառավարությանն օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
 


«Հավաքվել ենք քննարկելու Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո և մասնավորապես հայ համայնքում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր հետագա անելիքները և հստակեցնել, թե կառավարության ու ընդհանրապես հայաստանյան տարբեր կազմակերպությունների գործողություններն ինչպե՞ս ենք համակարգելու, ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ խնդիրներ ենք ձևակերպելու այս փուլում: Այս պահին պլանավորված է երեք ինքնաթիռի թռիչք: Երեքն էլ հումանիտար աջակցություն է լինելու՝
դեղորայք, սնունդ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը զեկուցել է, որ առաջին թռիչքը պլանավորված է շաբաթ օրը երեկոյան՝ ժամը 21:00-ին, որի հիմնական նպատակն է լինելու առաջին հերթին դեղորայքային աջակցություն ցուցաբերելը: «Հաջորդ թռիչքը նախատեսվում է իրականացնել օգոստոսի 11-ին, ևս մեկ թռիչք կիրականացվի կրկին հաջորդ շաբաթվա ընթացքում: Ներկայումս ընթանում է ապրանքների հավաքագրման գործընթացը: Կարծում ենք՝ առաջին թռիչքով ունենալու ենք մինչև 12 տոննա բեռ, որը պետք է տեղափոխվի Լիբանան»,- նշել է Տիգրան Ավինյանը:
 
Լիբանան են այցելելու Հայաստանի Հանրապետության կառավարության, Ազգային ժողովի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչները, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին, ինչպես նաև Լիբանանի կառավարության և տեղի հայ համայնքի հետ հանդիպումների արդյունքում հստակեցնեն, թե այլ ինչ միջոցների կարիք կա ինչպես Լիբանանի կառավարությանը, այնպես էլ տեղի հայ համայնքին աջակցելու համար:
 
Այնուհետև քննարկվել են աշխատանքների կազմակերպմանն ու համակարգմանը վերաբերող հարցեր:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 329 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար