Նոր աղմուկ Ռոբերտ Քոոչարյանի շուրջ․ ինչ է կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



07-07-2020 17:56:00   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է․
Վերաքննիչ դատարանը հուլիսի 6-ին կայացրել է որոշում, որով փաստորեն դատական նոր քննություն է ընթանալու «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության հայտնի գործով: Ինչպես հայտնի է, այդ գործով մեղադրվել և երկամյա պայմանական ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ նախագահ Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը: Այդ դատավճիռը համարվել էր չափազանց մեղմ: Դեպքը տեղի էր ունեցել 2001-ին, իսկ դատավճիռը՝ 2002-ին:
Այս տարիների ընթացքում հնչել են ամենատարբեր գնահատականներ՝ կապված դեպքի իրական հանգամանքների հետ: Դրանց շարքում է եղել այն, որ դատարանը չի լսել առանցքային վկաներից մեկին՝ շոտլանդացի Նյուտոնին, որն այդ օրը մտել է սրճարանի զուգարան, որտեղ տեսել է Պողոսյանի ծեծը, ինչի հետևանքով նա մահացել էր: 2019-ին Նյուտոնը եկել էր Հայաստան և հայտարարել, թարմացրել այդ ամենը: Դատախազությունը դիմել էր գործը վերստին քննելու համար, և Վերաքննիչը բավարարել է բողոքը: Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է ևս մեկ աղմկոտ դատավարություն, որը վերաբերելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եթե ոչ՝ ուղիղ, ապա բավականին շոշափելի անուղղակի առնչությամբ:
Այստեղ, սակայն, ծագում է մի հարց: Ի՞նչ են տալիս այդ դատական գործերը, ո՞րն է դրանց, այսպես ասած, համախառն ներքին արդյունքը: Հանրությունը շատ է շոշափում այդ հարցը՝ բավականին անորոշ պատասխաններով, առավել ևս դատական համակարգի հանդեպ ունեցած կասկածներով: Մյուս կողմից, իհարկե, չկա նաև պատասխան այն առնչությամբ, թե ի՞նչ է առաջարկվում այդ ամեն ինչի փոխարեն: Առաջարկվում է տոտալ համաներո՞ւմ, թե՞ առաջարկվում է անցումային արդարադատություն, այսպես ասած, ընդհանուր գնահատականով սահմանվող վճիռներով, երբ որևէ գործ չի ենթարկվում առանձին հանգամանալից քննության, այլ պատիժները սահմանվում են ըստ քաղաքական գնահատականի և հանրային քննարկումների:
Սա կարծես թե դարձել է հետհեղափոխական ժամանակաշրջանի անլուծելի դիլեմաներից մեկը, երբ հարցերը դիտարկում ենք ոչ թե բարոյահոգեբանական լեգիտիմության, այլ պրակտիկ կառավարչաքաղաքական ռացիոնալության տեսանկյունից: Միաժամանակ այդ դիլեմայի հանգուցալուծմանը, և թերևս ռացիոնալ հանգուցալուծմանը, հիմնավորապես խոչընդոտում են հենց մարդիկ և շրջանակներ, որոնք, թվում է, իրենք պետք է լինեին հանգուցալուծման հարցում ամենաշահագրգռվածը: Խոսքը հենց նախկին իշխող համակարգի ներկայացուցիչների մասին է, որոնք գտնվելու են անցումային կամ, այսպես ասած, դասական արդարադատության թիրախում: Նրանք հետհեղափոխական առանցքային դիլեմայի ռացիոնալ հանգուցալուծմանը խոչընդոտում են իրենց ագրեսիվ տեղեկատվաքարոզչական քաղաքական վարքագծով՝ ստիպելով, որ հարցերը մշտապես մնան բարոյահոգեբանական գնահատման տիրույթում: Առերևույթ դա բավական տարօրինակ է, որովհետև այդ տիրույթում նրանք ստանում են միայն հանրային քեն:
Ուրեմն ինչո՞ւ խնդիրները անընդհատ բերել այդ տիրույթ: Արդյո՞ք այն պատճառով, որ նախկին համակարգը ռացիոնալ դաշտը դիտարկում է իր համար խոցելի՝ իր համար առավել նախընտրելի համարելով զգայական դիլեմաները: Որովհետև դրանք երբեք չեն ունենում որևէ որոշակի հանգուցալուծում, դրանք ապահովում են աղմուկ, բայց ոչ՝ արդյունք:
 


Lragir.am-ը գրում է․
ԱՄՆ լրատվամիջոցներում, հայկական կազմակերպություններում, Հայաստանում մեծ արձագանք է առաջացել Սպիտակ Տան խոսնակի ճեպազրույցից հետո, որտեղ նա հիշատակելով ԱՄՆ-ում անցնող շաբաթների անկարգությունների ընթացքում վանդալիզմի դեպքերը, նշել է նաեւ հայերի ցեղասպանության հիշատակի հուշարձանի պղծումը Դենվերում: Սպիտակ տան խոսնակն օգտագործել է ցեղասպանություն բառը:
Դա նկատվել է անմիջապես: Նշվում է, որ այդպես խոսնակը կարող էր պարզապես նշել հուշարձանի անվանումը, սակայն լրատվամիջոցներում միաժամանակ գրում են, որ նախկինում արգելված էր անգամ այդպիսի հիշատակումը:
Փոխե՞լ է արդյոք Սպիտակ Տունը հայերի ցեղասպանության իրողության վերաբերյալ գնահատականը եւ Մեծ Եղեռնին արդյոք փոխարինում է ցեղասպանություն եզրույթը:
Հայաստանում կգտնվեն շատերը, որոնք անմիջապես ձեռնամուխ կլինեն հասարակությանը «հանգստացնելու», թե խոսնակի հայտարարությունը չի նշանակում ոչինչ, «էյֆորիա» պետք չէ եւ այլն: Ինչպես որ այդպիսիք գտնվեցին Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում նախորդ տարեվերջին հայկական երկու բանաձեւերի ընդունումից անմիջապես հետո:
Մի քիչ կարող է զավեշտալի հնչել, բայց մեծ է հավանականությունը, որ անգամ Թուրքիայի դեմ իրավական գործընթաց սկսելու, կամ նույնիսկ պատմական Հայաստանը ազատագրելու դեպքում, նույն մարդիկ հայերին դարձյալ խորհուրդ կտան «չոգեւորվել»:
Պատճառը թերեւս այն է, որ հայկական «ոգեւորությունը» կարող է բավականին պատասխանատու իրավիճակ ստեղծել Ռուսաստանի համար, որի ստորագրությունը ռուս-թուրքական դարավոր պայմանագրերի տակ է: Պայմանագրեր, որոնք գործնականում ցեղասպանության եւ դրա հետեւանքի յուրօրինակ կնիք են: 2021 թվականին լրանում է այդ պայմանագրերի 100-րդ տարելիցը, եւ Անկարան ու Մոսկվան կանգնած են այդ փաստի առաջ՝ պայմանը ավարտվու՞մ է, թե՞ շարունակվում:
Անկասկած է, որ շարունակությունը թշնամական ակտ է Հայաստանի Հանրապետության հանդեպ: Չի բացառվում, որ դիտարկվում է «լռության» տարբերակը, այսինքն Անկարան ու Մոսկվան որոշում են «չնկատել» տարելիցը, մինչ կփորձեն հասկանալ, թե ինչ է կատարվում:
Ահա այդտեղ է, որ քաղաքական նշանակալի արժեվորում է ստանում այն, ինչ հայկական հարցի առումով ծավալվում է Նահանգներում վերջին երկու-երեք տարիներին, հռետորաբանության փոփոխության, միաժամանակ նաեւ Կոնգրեսի բանաձեւերի մակարդակով հայկական հարցը քաղաքական նոր հարթություն բարձրացնելու իրավա-քաղաքական ակտով: ԱՄՆ Անկարայի եւ Մոսկվայի համար ստեղծում է «հայելային առերեսում», թույլ չտալով ունենալ պայմանագրերի 100-րդ տարելիցը «լռության» մատնելու հնարավորություն:
ԱՄՆ անշուշտ դա չի անում հայ ժողովրդի հանդեպ անսահման սիրով լցված: Միջազգային քաղաքականություն է, ոչ թե սեր: Նահանգները փորձում է երկրորդ անգամ Կովկասում թույլ չտալ ռուս-թուրքական դաշինք, եւ հայկական հարցն այստեղ հիմնարար գործիք է: Այդ քաղաքականությունը բերել է Նահանգների ու Հայաստանի մոտեցումների եւ շահերի այնպիսի ընդհանրության, որը Երեւանին թույլ է տալիս լուծել ռեգիոնալ անվտանգության համակարգի կարեւորագույն հարցեր, բյուրեղացնել այդ համակարգը այն տրամաբանության շրջանակում, որ ձեւավորվել է արցախյան հաղթանակի շնորհիվ:
Հայկական հարցում հայերին չի սպառնում «ավելորդ ոգեւորություն»: Հայերը շատ բան են տեսել այդ հարցում, պատրանքների չտրվելու համար: Հակառակը, հայկական հարցում հայերին թերեւս անհրաժեշտ է թերարժեքության եւ զոհի բարդույթից ազատում եւ սեփական իրավունքների ինքնավստահ շարադրում, ձեւավորելով դրա շուրջ աշխարհքաղաքական պատասխանատվության շրջանակը: Դա է նոր աշխարհակարգում նախկին պատմության կրկնություն թույլ չտալու եւ օբյեկտային նշանակությունից սուբյեկտային դերակատարության անցնելու ճանապարհը:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր լրագրողական հետաքննությունը ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով բավականին ակտիվ գործողություներ են կատարվում, և այդ ակտիվությունը պատահական չէ:
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով բավականին շահագրգռված է վերջինիս հարազատ եղբորորդին, որն իրավապահ մարմիններին տարբեր միջնորդություններ է ներկայացնում,
որպեսզի գործով իրավապահները քննեն ամենատարբեր վարկածներ: Մասնավորապես, Հայկ Հարությունյանի եղբորորդին, ուսումնասիրելով գործը, տեսել է, որ իրավապահներն այս կամ այն վարկածը չեն քննել, միջնորդում է, որ քննեն, իսկ իրավապահներին այլ ելք չի մնում, քան նրա միջնորդությունները բավարարել և քննության առարկա դարձնել նաև առաջարկվող վարկածները:
Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: Հիշեցնենք նաև, որ այս գործով հետմահու նշանակվել են փորձաքննություններ, սակայն փորձաքննությունների եզրակացությունները դեռևս չկան»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանության պաշտոնական լրահոսին հետևելով՝ առաջին հերթին աչքի է զարնում այն հանգամանքը, որ բավական շատ են ապօրինի զենքի կամավոր հանձնման կամ առգրավման դեպքերի մասին տեղեկությունները: Ոստիկանության՝ «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնավարման առաջին իսկ օրից հատկապես կարևորում է ազգաբնակչության մոտ եղած ապօրինի զենքի հավաքումը և այդ առումով բավական խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին։
Մեր զրուցակցի խոսքերով, նոր ոստիկանապետը երկար տարիներ քրեական-հետախուզության ոլորտում է ծառայել և «լավ գիտի ապօրինի զենքի հետևանքները երկրի քրեական իրավիճակի վրա»։
Թեպետ, հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ ոչ մասնագետների համար է պարզ, թե քաղաքացիների ձեռքին եղած զենքը տևական ժամանակ ինչպիսի պատուհաս էր դարձել. քիչ չեն տեղեկությունները, որ դրանցով բազմաթիվ հանցանքներ էին կատարվում՝ խուլիգանությունից մինչև սպանություն։
Մնում է միայն հուսալ, որ ոստիկանապետը նույն ջանասիրությամբ պայքար կծավալի նաև ամեն գիշեր քաղաքացիների համար գլխացավ դարձած հրավառությունների դեմ»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը»:
Գնահատելով աղքատ խավին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը՝ ծրագրի հեղինակները նշում են, որ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածների միայն 60-65 տոկոսն իսկապես դրա կարիքն ունի, «ինչը նշանակում է, որ համակարգում ընդգրկված ընտանիքների 35-40 տոկոսը իրականում աղքատ չէ և չպետք է նպաստառու լինի»:
Մյուս կողմից՝ իսկապես աղքատների 50 տոկոսը չի կարողանում ընդգրկվել սոցիալական աջակցության ծրագրերում, ինչը էականորեն նվազեցնում է տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու որակը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թևին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը և կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաև ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետև հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել:
Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաև Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի այն, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը և չհետևել տրված խորհուրդներին: Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եվ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար:
Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, ապա եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչև բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տևել: Եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, ապա Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ 7Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է մնան դատավորներ, մինչև ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի:
Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաև չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետևանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թևը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետևանքները»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։ Նախագծով առաջարկվում է ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը բեղմնավորման պահից և չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը և բարեխիղճ բուժաշխատողներին։
Գործող կարգավորումներով աբորտը թույլատրվում է մինչև հղիության 12 շաբաթը, իսկ դրանից հետո աբորտը կարող է թույլատրվել բժշկական և «սոցիալական» ցուցումների դեպքում, ինչպիսիք եք հղիության ընթացքում ամուսնու մահը, կնոջ կամ ամուսնու՝ ազատազրկման վայրում պատիժ կրելը, հղիության ընթացքում ամուսնալուծությունը, բռնաբարության արդյունքում հղիությունը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ միայն պաշտոնական տվյալներով անկախությունից ի վեր Հայաստանում գրանցվել է գրեթե կես միլիոն աբորտ։ Երկու հազար տասնինը թվականի հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցավ սելեկտիվ աբորտների դեմ պայքարի հանրային իրազեկման արշավ, որին միացան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս հայտարարեց, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40000 աղջիկ։ Նախարարը
նաև կոչ արեց տարբերություն չդնել տղաների և աղջիկների միջև և կարևորել բոլոր երեխաներին»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 2-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես էր եկել հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հայտարարությամբ: Ծառուկյանի այս հայտարարությունը նեղացրել է գործընկեր կուսակցություններին, հատկապես «Հայրենիք» կուսակցությանը, որտեղ համարում են, որ հայտարարությունը կարող էր լինել համատեղ:
Բայց Ծառուկյանը իր հայտարարության մեջ շեշտել էր, որ ինքը ամենամեծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարն է, ինչը հնարավոր չէր լինի անել համատեղ հայտարարությամբ, բացի այդ՝ ԲՀԿ-ն տարանջատվում է գործընկերներից»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այդ երկրի իշխանությունները մտադիր չեն Հայաստանի հետ սահմանը բացել, քանի դեռ Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ:
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է բացել հարևանների հետ սահմանները, ինչը հնարավորություն կտա վրացական բիզնեսին հատկապես ամառային տուրիստական շրջանում գումար վաստակել, սակայն Վրաստանի իշխանությունը կտրուկ դեմ է դրան՝ որպես հիմնավորում ներկայացնելով, օրինակ, Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի առկայությունը»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը:
Ինչպես հայտնի է, այդ թեկնածուն Հովհաննես Խաչատրյանն է: Սակայն, պարզվում է, իշխող ուժի կողմից նրա առաջադրումը պատահական չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և նույն խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանն են Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը առաջարկել, որը նրանց վաղեմի ընկերն է: Ըստ մեր տեղեկությունների՝ խմբակցության անդամները թեկնածուներ ունեցել են, բայց նախապատվությունը տրվել է Սիմիդյանի և Փամբուխչյանի առաջադրած թեկնածուին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: Պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննես Խաչատրյանը իր 23 տարվա ընկերն է. «Իմ մանկական ընկերն է, բանկային համակարգում աշխատել է երկար տարիներ, պրոֆեսիոնալ է, ու մենք որոշել ենք առաջադրել իր թեկնածությունը: Թիմը իրեն գիտի այդ ոլորտում որպես լավ մասնագետի, դրա համար որոշում է կայացվել հենց Հովհաննես Խաչատրյանին առաջադրելու համար»:
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2325 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար