ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը

07-07-2020 15:15:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է
«Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ դիմումի հիման վրա հարուցված համակենտրոնացման  վերաբերյալ վարչական վարույթում առկա  փաստական հանգամանքների  հարցը։
 
Նիստի դռնբաց հատվածում  զեկուցողի կողմից  ներկայացվել են հարցի հիմնական ուղղությունները: Մասնավորապես նշվել է, որ 2020 թվականի հունիսի 8-ին վերոնշյալ ընկերությունները դիմել են ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ  «Թիմ» ՍՊԸ-ն նախատեսում է ձեռք բերել «Վեոն Արմենիա»-ի 100 % փայաբաժինը՝
խնդրելով թույլատրել համակենտրոնացումը, ինչի հիման վրա սահմանված կարգով վարույթ է հարուցվել։
 
«Վեոն Արմենիա»-ն իրականացնում է ամրակցված, շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցում, սարքավորումների վաճառք։ Ընկերությունների կողմից ներկայացված դիմումի համաձայն՝ համակենտրոնացումը դրական ազդեղություն կունենա հեռահաղորդակցության ոլորտի վրա՝  նոր ծառայությունների մատուցման, ինչպես նաև գների իջեցման միջոցով: 
 
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը ՀՀ հեռահաղորդակցական ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել, ուսումնասիրվել են վերջին 5 տարիներին աշխարհում տեղի ունեցող զարգացումները և համակենտրոնացման գործարքները, գնահատվել է շուկայի կենտրոնացվածության աստիճանը, շուկայի հիմնական խաղացողների տեխնիկական հնարավորություններն ու կարողությունները, մասնաբաժինները,  առաջարկվող ծառայությունների փոխադարձ փոխարինելիության հնարավորությունները, ուսումնասիրվել են խնդրո առարկա ապրանքային շուկաները և այլն։  
 
 Համակենտրոնացման մասնակիցների խնդրանքով նիստի հիմնական հատվածն անցկացվել է գաղտնի ռեժիմով՝ հաշվի առնելով, որ քննարկումների ընթացքում ներկայացվելու է առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն։
Հանձնաժողովի նախագահի հարցմանն ի պատասխան «Թիմ» ՍՊԸ պատասխանատուն հավաստիացրել է, որ համակենտրոնացման գործարքի թույլտվության դեպքում ընկերության աշխատակիցների զանգվածային կրճատումներ տեղի չեն ունենալու: 
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար