Կորոնավիրուսի պատվաստանյութը, հնարավոր է, հասանելի լինի 2020թ. վերջին կամ 2021թ. սկզբին.Արսեն Թորոսյան

կառավարությունը բանակցում է այն ձեռք բերելու ուղղությամբ

02-07-2020 14:49:57   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է հանրապետությունում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: 
 


Պատասխանատուները վարչապետին զեկուցել են հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման, դրանց պահպանման միջոցառումների դինամիկայի, ինչպես նաև աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութ
ի ստեղծման աշխատանքների և այն ձեռք բերելու ուղղությամբ կառավարության կողմից տարվող բանակցությունների վերաբերյալ: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ.
 
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: 
Սկսում ենք 2020 թվականի հուլիսի 2-ի կառավարության նիստի աշխատանքները: Նախ, պարոն Թորոսյան, ներկայացրեք կորոնավիրուսի հետ կապված երեկվա իրավիճակը:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Երեկվա թվերը հետևյալն են. արձանագրված նոր դեպքերի թիվը 593 է՝ 2100 թեստից, այսինքն՝ սկզբունքորեն տոկոսի առումով էական փոփոխություն չկա: Դժբախտաբար, եղել է 6 մահ կորոնավիրուսից, և 4 հոգի մահացել են նաև կորոնավիրուս ունենալով, բայց ոչ կորոնավիրուսից: Ընդհանուր թվերն ստացվում են մինչ օրս արձանագրված 26658 դեպք և 459 մահ: Իհարկե, եղել են նաև մեծաթիվ բուժված քաղաքացիներ՝ 473, և ընդհանուր բուժվածների թիվը 15036 է: Առողջապահական համակարգի՝ կորոնավիրուսով զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, այսինքն՝ վերակենդանացման բաժանմունքները պրակտիկորեն լիքն են: Իհարկե, կան 1-2 տեղեր բոլոր տեղերում, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, որոնց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 հոգի, և նրանցից 44 հոգին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Նաև շարունակվում է, Դուք երեկ էլ նշեցիք բրիֆինգի ժամանակ, նոր հզորությունների մեծացումը: Ես այսօր էլ ինքս գնալու եմ՝ տեսնելու Սպիտակի և Մարտունու բժշկական կենտրոնների ծավալվող բաժանմունքները, որոնք հագեցած են լինելու թե՛ անհրաժեշտ սարքավորումներով, և  թե՛, ամենակարևորը այս պահին, թթվածնային հագեցվածությամբ: 
 
Եվս մեկ կարևոր հանգամանք, թե քանի քաղաքացի է սպասում հոսպիտալացման: Առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ՝ տանն սպասող ունենք ընդամենը 11 հոգի, որից 4-ը՝ միջին ծանրության, 7-ը՝ թեթև, մնացած ևս մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման՝ այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս մասով կարող եմ ասել, որ վիճակը հարաբերականորեն կայուն է:
 
Իսկ ընդհանուր, կարծում եմ, որ պետք է նույն կերպ շարունակենք: Եվս մեկ հավելյալ ինֆորմացիա տամ, որ մեր կողմից որդեգրված կանոնների պահպանման արդյունքների մասով ապացուցողական բազան օրեցօր շատանում է: Նույնիսկ նույն երկրի մասշտաբով, երբ կան, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբեր նահանգներ, որտեղ դիմակների կրումը կամ պարտադիր է, կամ պարզապես խորհուրդ է տրվում, հետազոտողներն ակնհայտ շարունակում են այդ տարբերություններն արձանագրել: Որտեղ այդ ամենը պարտադիր է և լավ պահպանվում է, նկատվում է կայունացում  և թվերի իջեցում՝ հակառակ այն տեղերի, որտեղ դա պարզապես խորհուրդ է տրվում կամ նորմալ չի պահպանվում: Հետևաբար, մեր գործողություններն այս առումով պետք է լինեն շարունակական, որպեսզի կարողանանք հաղթահարել այս մարտահրավերը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Դիմակների հետ կապված շատ է քննարկվում այն մասին, որ մեր պաշտոնական ուղերձը դիմակների հետ կապված այս ընթացքում փոխվել է: Ես, այսօր առավոտյան միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որտեղ նոր հիմա ամբողջական դիմակների հետ կապված ուղերձը փոխվում է: Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավական երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ինքը ևս ընդունում է, որ դիմակները պետք է լինեն պարտադիր և կրվեն: 
Պարոն Գևորգյան, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դիմակների շուկայում մենք էական գնանկում ունենք:
 
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյան – Այո, պարոն վարչապետ, Դուք միանշանակ ճիշտ եք: Բայց հիմա մեկ ուրիշ խնդիր ունենք արդեն: Ներկրված դիմակները, քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամով է: Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Հայաստանից դիմակների մեկ արտահանում արդեն կատարվել է՝ 60 դրամով: Մյուս խմբաքանակի համար ևս հայտարկվել է: Հիմա մենք երկու խնդրի առաջ ենք կանգնած, որ պետք է լուծենք: Եթե
մենք չենք թողնում այս դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողներն ստիպված են լինելու միգուցե վնասով, բայց ավելի էժան վաճառել, որովհետև չի վաճառվում: Իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ այս 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ դրսից ներկրվածը, որովհետև դեռևս միջազգային շուկայում ինչ-որ նոր խմբաքանակ կգա: Նոր խմբաքանակը սպասվում է մոտ 1 ամսվա ընթացքում, որ ավելի կէժանանա:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Բայց այդտեղից մենք այլ եզրակացություն պետք է անենք: Դիմակների հետ կապված՝ էլի ցանկանում եմ հիշենք մեր փուլերը: Սկզբնական շրջանում, երբ շուկայում կար մեծ դեֆիցիտ ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ գները 200 դրամից ավելի էին, խնդիր կար այնպես կառավարել իրավիճակը, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակներ ձեռք բերել: 2-րդ փուլում, երբ շուկայում կար դիմակ, և դրանք բավական բարձր գնի էին, մենք եկանք այն համոզման, որ դիմակները պետք է դարձնել պարտադիր: Հասկանալով, սակայն, գների բարձր լինելը՝ մենք ասացինք՝ շատ լավ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն գործարանային արտադրության դիմակ կրել, թող կրեն, նրանք, ովքեր չունեն այդ հնարավորությունը, թող տնային պայմաններում պատրաստված դիմակներ կրեն: 
 
Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, կարող ենք անցնել 3-րդ փուլին՝ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ, և պարոն Գևորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես: Ըստ էության՝ այսօր, երբ շուկայում նայում ենք դիմակների սպառման ծավալները, այսինքն՝ մեզ պետք չէ նույնիսկ գնալ, փողոցում մոնիթորինգ անել: Մենք տեսնում ենք ամեն օր՝ երկրում քանի դիմակ է սպառվում, և մեզ համար ակնհայտ է, որ մեր սիրելի քաղաքացիների մեծամասնությունը, համենայնդեպս, գործարանային արտադրության դիմակ չի կրում: Մենք ասել ենք նաև, որ գործարանային արտադրության դիմակներն իրենց կանխարգելիչ նշանակությամբ շատ ավելի օգտակար են: Մանավանդ, անկեղծ եմ ուզում ասել՝ այս ընթացքում, երբ փողոցներում շրջայցեր եմ արել՝ դիմակ բաժանելու համար, ես տեսել եմ քաղաքացիներ, ովքեր կրում են ցանցայնությամբ դիմակներ՝ ուղղակի ֆորմալ մասը պահելու համար: 
 
Երեկ էլ մի այսպիսի երևույթ նկատեցի. երբ ես մեքենայով շարժվում էի, և մայթերին կանգնած քաղաքացիները, ենթադրում եմ, պետական պահպանության ծառայության փարոսիկներով մեքենաները տեսնելիս, իմ շարժին զուգընթաց, դիմակը ծնոտի տակից բարձրացնում են, քթին են դնում: Ես չեմ հասկանում սա: 
 
Սիրելի հայրենակիցներ, այդ դիմակը չեք կրում ինձ համար, կամ կառավարության համար, կամ ոստիկանի համար, որ ոստիկան տեսնելիս՝ բարձրացնեք, ոստիկանն անցնի՝ իջեցնեք: Շատ կարևոր է այս հանգամանքը: Ես կրում եմ դիմակ ինձ և ինձ շրջապատող մարդկանց համար, բայց ամեն քաղաքացի պետք է հասկանա, որ կառավարության համար չի դիմակը կրում: Չնայած, մի կողմից, այո՛, մեր խնդիրն է՝ մարդկանց հետ այդ հաղորդակցությունը վարել շարունակ, անընդհատ, առանց հոգնելու, ընդ որում՝ դիմակ բաժանելու հետ կապված ակցիաները պետք է շարունակել: Բոլոր այն հասարակական կազմակերպությունները, քաղաքացիները, բոլոր նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը, թող անընդհատ անեն: Դա շատ կարևոր է: Բայց, մյուս կողմից, վարչական մեթոդներն էլ պետք է կիրառվեն՝ էլի արձանագրելով, որ մենք ոչ ոքի չենք ուզում տուգանել, ոչ ոքի: Վարչական միջոցի նպատակն այն է, որ մարդիկ կրեն դիմակ կամ ասել, որ մարդիկ ունեն ընտրություն՝ կրել դիմակ և չտուգանվել: 
Պարոն Ղազարյան, խնդրում եմ, ասեք, թե երեկ հակահամաճարակային ինչ վարչական միջոցներ են ձեռնարկվել:
Ոստիկանապետ Վահե Ղազարյան – Շնորհակալություն: Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, հակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված հուլիսի 1-ին ծառայության արդյունքում կազմվել է 2827 արձանագրություն՝ Երևան քաղաքում՝ 1198, մարզերում՝ 1629, որից 2301-ը՝ հետիոտնի կողմից դիմակ չկրելու, 70-ը՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության, 10-ը՝ տաքսի ավտոմեքենայի վարորդների կամ ուղևորների կողմից դիմակ չկրելու, 442-ը՝ մինչև 7 տեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելու, 3-ը՝ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից խախտումներ թույլ տալու և 1՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալություն: Էլի շատ ցավալի է, որ մոտ 2800 տուգանքի դեպք է արձանագրվում: Բայց էլի եմ ասում՝ մեր նպատակը տուգանելը չէ, մեր նպատակը, ընդհակառակը, ամբողջ հանրապետությունում բոլոր հնարավոր ուժերով փնտրել և չգտնել որևէ քաղաքացու, որը պետք է տուգանվի: 
Պարոն Ասոյան, տեսչական մարմիններն ի՞նչ գործունեություն են ծավալում այս առումով:
 
Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Մենք շարունակում ենք վերահսկողական աշխատանքները, բոլոր՝ 6 տեսչական մարմինները ներգրավված են այդ աշխատանքներում: Երեկվա տվյալներով` 884 ստուգում է իրականացվել, որից արձանագրությունով խախտումներ ենք արձանագրել 40 տնտեսվարողի մոտ: Սա, ըստ էության, որոշակի դրական դինամիկա է ենթադրում, որովհետև հիմա 1 շաբաթվա կտրվածքով ինձ մոտ եղած թվերն եմ նայում. օրական մենք մոտավորապես անում ենք 800-900 ստուգում, որոնց արդյունքում խախտումներ են արձանագրվում 60, 70, 40, 50 տնտեսվարողների մոտ: Դա այն պարագայում, երբ ժամանակին նույն 800-900 ստուգումների պարագայում մենք հայտնաբերում էինք 200-300 խախտում: Այսինքն՝ տնտեսվարողների կողմից դրական դինամիկան կա, և դա շատ ողջունելի է, հույս ունենք, որ կպահպանվի: 
Շարունակում ենք նաև ոստիկանության հետ համակցված ուժեղացված վերահսկողական աշխատանքները տարբեր համայնքներում, ինչպես նաև տարբեր մարզկենտրոններում և քաղաքներում, որը ևս տալիս է իր արդյունքը: Որպես օրինակ՝ նաև կրկնակի ստուգայցեր են իրականացվում անմիջապես հաջորդ օրվա կտրվածքով: Օրինակ, մենք նման միջոցառում կազմակերպեցինք ոստիկանության հետ Նոր Նորք համայնքում, որտեղ լուրջ դրական արդյունքներ ենք արձանագրել, բացառությամբ տրանսպորտի ոլորտի, որտեղ խախտումները շարունակում են մնալ: Խախտումները հիմնականում վերաբերում են նրան, որ վարորդները փորձում են քողարկել, սահմանված քանակից շատ ուղևորներ են տեղափոխում՝ մգեցված ապակիներով կամ վարագույրներով քողարկում, փակում են կամ երբ տեսնում են ոստիկանության կամ տեսչական մարմնի ծառայողներին հսկողություն իրականացնելիս, ուղղակի խուսանավում են: Իսկ, ընդհանուր առմամբ, կանոնները՝ ալկոգելի առկայություն և այլն, ըստ էության, պահպանվում են: Հասել ենք արդեն այն մակարդակին, որ գծանշումները, ալկոգելի առկայությունը և մնացած պահանջները կիրառելի ու պահպանելի են դարձել:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Պարոն Թորոսյան, իսկ պատվաստանյութի ստեղծման հետ կապված ի՞նչ նորություններ կան, և մենք ի՞նչ ենք անում՝ հնարավոր պատվաստանյութը հնարավորինս արագ ձեռք բերելու համար:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան – Պարոն վարչապետ, իրավիճակը հետևյալն է. աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն դրանցից մոտ 20-ը են ավելի հավանական, որ կդառնան: Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ թվով անձանց, հետո մոտ հարյուր, հետո տասնյակ հազարների վրա, և նախնական՝ 1-ին և 2-րդ փուլի հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել՝ այդքան վտանգավոր չլինելու հիմքով:
 
Մենք հիմա բանակցություններ ենք վարում 2 ուղղությամբ: Առաջինն ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Օրինակ, երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան՝ MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ, օրինակ՝ հասանելի լինի 2021 թվականի սկզբին կամ 2020 թվականի վերջին, բայց երկրների մի խմբի հասնի դրանից ևս 1 տարի հետո: Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից՝ նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը:
 
Տարբեր գնահատականներով՝ մատակարարվելու առումով այն հասանելի կլինի երկրներին կամ 2020 թվականի վերջ կամ 2021 թվականի սկիզբ: Այդ ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև 3-րդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումն սպասվում է այդ ժամանակ: Բայց ընդհանուր փաստը, որ այն լինելու է, փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին՝ առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից՝ շարունակելով այդ բանակցությունները: Արդյունքների մասին էլ ես արդեն ընթացքում տեղյակ կպահեմ:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվ առավել ևս այս լուրի ֆոնին, կարծում եմ՝ առավել պետք է խստացնենք հակահամաճարակային կանոնների պահպանումը, մեր կարգապահությունը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան: Էլի ուզում եմ ընդգծել, որ մահերի թիվը կոնկրետ կախված է վիճակագրությունից: Ենթադրենք, եթե շատ կոպիտ ձևակերպենք, 590 երեկ ախտորոշված դեպքերը նշանակում են, որ 11 մարդ, այդ օրվա վիճակագրության բերումով, մահանալու է: Իհարկե, մեծ մասը բուժվելու է, բայց էլի մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ, մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու: Բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի: Այնպես որ շարունակում ենք պահպանել,  մեր կանոնները պարզ են, դրանց էֆեկտիվությունն ապացուցված է՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և ախտահանել ձեռքերը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար