Գազի պայմանագրի վերանայման հայաստանյան հենքը․ Ռուսաստանի թանկ առաջարկը Հայաստանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



03-06-2020 14:29:50   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
1in.am-ը գրում է․ 
Իրանում Հայաստանի դեսպանը մայիսի 31-ին հանդիպել է այդ երկրի նավթի նախարարի հետ, քննարկելով հայ-իրանական էներգետիկ գործակցության հարցեր: Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, խոսելով այն մասին, որ 2020 թվականին կավարտվի հայ-իրանական բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդագծի կառուցումը, նշել է, որ հնարավոր կլինի բարձրացնել գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալն ու ավելացնել այդ շրջանակում հայ-իրանական գազամուղով եկող գազի ծավալը: Մեկ-երկու շաբաթ առաջ Հայաստանի դեսպանը Իրանում հանդիպել էր նավթի նախարարության պաշտոնյաների հետ: Դա, ի դեպ, ԵՏՄ տեսավեհաժողովի նախօրեին էր, որտեղ Հայաստանն ու Բելառուսը բարձրացրել էին գազի գնի հարցն ու այնուհետև ստացել Պուտինի մերժումը: Երևանը, կարծես թե, ինտենսիվ երկխոսություն է սկսել Իրանի հետ: Չի խոսվում, որ այն վերաբերում է գազի մատակարարմանը՝ ներքին սպառման տրամաբանությամբ, սակայն կարո՞ղ է արդյոք լինել այդպիսի քննարկում՝ Ռուսաստանի մերժման ֆոնին: Իրանի հետ հարաբերությունը, սակայն, այդ առումով ունի շատ ավելի խորքային նշանակություն: Գազի հարցում հայ-ռուսական և ընդհանրապես Հայաստանի էներգետիկ անկախության խնդիրը, եթե չասենք ընդհանրապես անկախության և տնտեսական անվտանգության առանցքային խնդիրներից մեկը, գազի հայտնի պայմանագիրն է, որ պարտադրվեց Հայաստանին 2013 թվականին: Կասկածից վեր է, որ այդ պայմանագրի վերանայումը չունի այլընտրանք, եթե մենք խոսում ենք Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի մասին:
Միաժամանակ, սակայն, Հայաստանին պետք է բավականին ամուր դիրք այդ պայմանագրի վերանայման հարց բարձրացնելու համար: Միայն լեգիտիմ իշխանությունը բավարար չէ: Դա կարևորագույն, սակայն ոչ բավարար գործոն է: Ահա այդ առումով Իրանը կարող է լինել Հայաստանի համար առանցքային գործոններից մեկը, եթե դրվի «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի վերանայման հարց: Որովհետև դա կարող է նշանակել ճգնաժամ հայ-ռուսական գազային հարաբերությունում, իսկ երկարատև ճգնաժամը կքայքայի Հայաստանի տնտեսությունը։ Ըստ այդմ, մենք պետք է ունենանք հուսալի երկարաժամկետ այլընտրանք, և այդպիսին կարող է լինել իրանական ուղղությունը: Այդ հարցն ամենից կարևորն է, և Իրանի հետ Երևանի բանակցությունը նշանակալի կարող է լինել տվյալ համատեքստում, ոչ միայն զուտ ընթացիկ տրամաբանությամբ՝ Ռուսաստանի հետ գազի տարեկան գին քննարկելու շրջանակում:
 


Lragir.am-ը գրում է․ Հայաստանում շարունակում է քննարկվել ռուսական արտադրության «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթա-հրթիռային համալիրների գործարքի պատմությունը, որ գալիս է դեռեւս 2010 թվականին: Այդ ժամանակ կնքված գործարքը՝ Հայաստանի եւ զենքի մատակարար գործարարի միջեւ, մնացել է անկատար: Գործարքը վերակնքվել է թավշյա հեղափոխությունից հետո, 4 տոկոս ավելի էժան արժեքով եւ համալիրի ավելի արդիական տեսակով:
Այս գործարքը հետաքրքիր նախապատմություն ունի: Հայաստանի բանակը 2010 թվականից բավական ինտենսիվ փնտրել է այդ համալիրներից: Ժամանակին կնքված գործարքին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է, որ 2010-11 թվականներին Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը Հայաստանին առաջարկում էր հակաօդային պաշտպանության այդ համալիրները գրեթե անվճար, սակայն պայմանով: Իսկ պայմանն այն էր, որ նորոգումը պետք է լիներ Ռուսաստանում եւ արժենար մոտ 2,5 միլիոն դոլար: Բանն այն է, որ գրեթե անվճար առաջարկվող համալիրները ունեցել են նորոգման կարիք:
Ըստ աղբյուրի, Հայաստանը այն ժամանակ հրաժարվել է այդ առաջարկից, իսկ հեղափոխությունից հետո վերակնքված գործարքով, «ՕՍԱ-ԱԿՄ» համալիրները շատ ավելի էժան պայմաններով ձեռք են բերվել երրորդ երկրից, ընդ որում անհրաժեշտության դեպքում նորոգումը իրականացվելու է Հայաստանում եւ մատակարար ընկերության միջոցներով:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ: Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին, նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով:
Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, և պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին, վերջինս համաձայնություն է տվել, որպեսզի այս ամենից զատ Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:
Եվ, ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր»:
 
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ տևական ժամանակ մասնագետները ահազանգում էին Հայաստանի ավիացիայի ոլորտում տիրող խայտառակ վիճակի մասին, իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում հերքելու այդ ամենը:
Ավելին, խնդիրների մասին բարձրաձայնողներին ֆեյքերով, սատելիտներով, հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով անվանարկում էին, իսկ վարչապետի՝ այդ գծով խորհրդականը նույնիսկ հրաժարական ներկայացրեց՝ բարձրաձայնելով առկա խնդիրների մասին:
Եվ ահա, երեկ Եվրոպական հանձնաժողովը, թարմացնելով ԵՄ օդային անվտանգության ցուցակի ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, Հայաստանը ներառել է ԵՄ տարածքում չվերթների արգելքի տակ ընկած երկրների շարքում: Նման որոշում կայացվել է համապատասխան ստուգումների արդյունքում:
Ի դեպ, ուշագրավ է համապատասխան հանձնակատարի գնահատականը. «Հայաստանյան փոխադրողներին այս ցանկ ներառելու որոշումը հիմնված է անանուն
կարծիքի վրա, որը ներկայացրել է Օդային անվտանգության կոմիտեն»:
Ավիացիայի փորձագետներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ այս թարմացումը ցավալի է, սակայն դժվար է անսպասելի կամ անակնկալ համարել: «Սա վերջին երկու տարվա խայտառակ գործունեության, ավելին՝ անգործության հետևանքն է, որի արդյունքները կարող են շատ ծանր լինել:
Հաջորդ «սերիան» լինելու է այն, որ եվրոպական ավիաընկերությունները զբաղեցնելու են թափուր տեղերը, իսկ դա նշանակում է Հայաստանի ավիացիայի կործանում:
Պատճառաբանություններն ու «կրուտիտներն» այլևս անիմաստ են:
Հիմա գնդակը իշխանությունների դաշտում է, թե ինչպես կկարողանան այսուհետև աշխատել Եվրահանձնաժողովի հետ՝ իրավիճակը հնարավորինս շտկելու համար, թեպետ դա չափազանց դժվար է լինելու»,-ասաց նա»
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնավիրուսի համավարակը դրական է ազդել միայն այն համայնքապետերի վրա, ովքեր լինելով նախկին իշխանության ներկայացուցիչներ՝ մտավախություն ունեին, որ կարող են նոր պայմաններում կորցնել իրենց կարգավիճակը:
Մինչդեռ համավարակի պայմաններում հետաձգվում են ոչ միայն ընտրությունները, այլ նաև համայնքների խոշորացման կառավարության ծրագրերը, որը համայնքապետերի համար ապահովում է հարմարավետ և անվտանգ պաշտոնավարում»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեղմված գազի գների սպասվող աճը կարող է էականորեն ազդել գազալցակայաններում վաճառվող գազի իրացման ծավալների վրա:
Գազալցակայանների սեփականատերերը ահազանգում են, որ առանց այն էլ բենզինի գների էական անկումը իջեցրել է սպառման ծավալները, քանի որ գազ-բենզին հարաբերակցությունը գնային առումով նվազել է: Իսկ եթե գազի գինը բարձրանա ևս 10-15 տոկոսով, ապա այն էականորեն կազդի սպառման ծավալների վրա»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի մասով Սահմանադրական դատարանի դիմումի պատասխանի հրապարակումը շարունակում է հակասական հայտարարությունների տեղիք տալ: Մի կողմից Քոչարյանի պաշտպանական կողմն է սա հաղթանակ համարում, մյուս կողմից էլ իշխանության ներկայացուցիչները ՄԻԵԴ-ի կարծիքն իրենց օգտին են համարում:
Նկատենք, որ ՄԻԵԴ դատավորները իրենց խորհրդատվական կարծիքում գրել են՝ գնահատական տալու համար պետք է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները, այլ ոչ թե կատարվի վերացական մեկնաբանություն։ Ըստ էության, գլխավոր հարցը վերաբերում էր օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե հանցանքի կատարման պահին և դրանից հետո փոփոխված օրենքների համադրման համար ինչ չափորոշիչներ կան։ Բանն այն է, որ նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ նա չի կարող մեղադրվել մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել` սահմանադրական կարգի տապալում։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հասկանալ, թե ինչ է մտածում դատական համակարգը: Տեղեկացանք, որ դատական համակարգում շատերն են ուսումնասիրել ՄԻԵԴ-ի ուղարկած պատասխանը, սակայն չեն հասկացել՝ ի վերջո այն ում օգտին է: Դատավորների շրջանում անգամ կարծիք է հնչել, որ ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքը ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք արձակված ՍԴ որոշումների նման է: Հիշեցնենք, որ ՍԴ որոշումներն էլ ընդդիմությունը համարում էր իր հաղթանակը, իշխանությունը` իր»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Գովազդի մասին» օրենքում: Գործող օրենքն արգելում է տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ալկոհոլային խմիչքների գովազդը՝ «բացառությամբ տեղական արտադրության կոնյակի»:
Կառավարությունն առաջարկում է հանել այս բացառությունը, քանի որ դրանով ոչ հավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում Հայաստանից դուրս արտադրված և Հայաստանում վաճառվող կոնյակի համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա: Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որևէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր:
Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետևանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սև ցուցակում:
Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, և ի՞նչ հետևանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, և դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակներից», – նկատեց նա: Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, և սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթևիկ Ռևազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, և չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»:
Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» և «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբևէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ»:
 
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ խորհրդարանը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, քանի որ դեռևս նախորդ քառօրյայից մի քանի տասնյակ հարցեր մնացել են օրակարգում, իսկ ԱԺ Կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նիստերը
պետք է շարունակվեն այնքան՝ մինչև օրակարգը վերջնական սպառվի։
Կանխատեսումների համաձայն՝ խորհրդարանը կաշխատի այս շաբաթ ևս, քանզի մի քանի ծավալուն զեկույցներ դեռևս առկա են օրակարգում (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը)։
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն առնվազն մեկ ամիս։
Օրենքով նախատեսված է, որ խորհրդարանն իր աշխատանքներն ավարտում է հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, խորհրդարանը ողջ հունիսի ընթացքում կաշխատի, ավելին՝ տեղեկություններ կան նաև, որ հուլիսի ընթացքում ևս կգումարվեն արտահերթ նիստեր, հնարավոր է՝ երեքը»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում:
Ըստ գործող կարգի՝ ԱՊՀ անդամ երկրի քաղաքացու աշխատանքային ստաժը թոշակավորման ժամանակ հաշվվում էր՝ անկախ այն հանգամանքից, թե ԱՊՀ անդամ որ երկրում էր այն ձեռք բերվել: Հայաստանի քաղաքացիները օգտվելով այդ հանգամանքից՝ թոշակի էին անցնում Ռուսաստանում, քանի որ Հայաստանում ունեցած աշխատանքային ստաժը ընդունվում էր Ռուսաստանում, որտեղ կենսաթոշակը անհամեմատ ավելի բարձր էր:
Նոր համաձայնագրով «ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը»:
Այսպիսով, Հայաստանում ձեռք բերված աշխատանքային ստաժը այլևս Ռուսաստանում չի հաշվվելու և հակառակը»:
 
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել։
Այս մասին հայտնում է News.am-ը հղում կատարելով Արցախի տեղեկատվական շտաբին։
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 904 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար