Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Միքայել Մինասյանին․ պահանջում են նաեւ փոխհատուցում.ՀԺ

03-06-2020 12:31:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
 


Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
 
Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։
 
Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։
 
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։
 
Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ
Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։
 
«Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։
 
Նշենք, որ խոսքը վերաբերում է Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութին։
 
Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը զրպարտություն են համարում Մինասյանի հետեւյալ հայտարարությունը. «Հետև
աբար Սիփան Փաշինյանը, երբ որ սկսում է այդ սաղ կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, ով որոշում է, թե ով և ինչ կարող է անել մաքսային տեսչությունում, որովհետև այնտեղ ինքը ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «նակոլկա Շուշո» մականունով, և ուրեմն դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են, և կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից, հասկանում եք, չէ, որ դա անհնարին է, մինչև ամենաբարձր մակարդակի օքեյները»։
 
Իսկ Աննա Հակոբյանը վիրավորանք է համարում Միքայել Մինասյանի կողմից հնչեցված հետեւյալ արտահայտությունը. «Դրանք միջազգային ցանցի Փաշինյանների մաֆիոզական ընտանիքի բիզնեսն է»։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 619 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար