«Ինքնասպանություն»՝ նույն սցենարով. ինչ կապ ունեն ԱԱԾ արխիվները. araratnews.am

17-01-2020 19:34:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
araratnews.am-ը տեղեկացրել է, որ այսօր ինքնասպան է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը:
 


Ըստ տեղեկության՝ Կուտոյանի դիակի կողքին եղել է կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ
զենքից և բերանին։
 
Հետաքրքիր
է՝ մոտավորապես նույն սցենարով նախորդ տարի ինքնասպան եղավ նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:
 
Հիշեցնենք՝ ըստ հրապարակված տեղեկության՝ գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ:
 
Թե Գեորգի Կուտոյանի, թե Հայկ Հարությունյանի համար ասում էին՝ նրանք ընկճված են, մի տեսակ կարծես հուսահատված, սակայն Հայկ Հարությունյանին ճանաչող՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն ասել էր՝ ոչ մի պատճառ չէր կարող Հարությունյանին դրդել ինքնասպանության: Հետաքրքիր է, որ այդ ընկճվածությունը, հուսահատությունը պատում են իրավապահ համակարգի նախկին աշխատակիցներին:
 
Եւս մեկ ընդհանրություն: Այս պաշտոնյաները բավական մեծ ինֆորմացիա գիտեին նախկին իշխանության մասին: Ուշագրավ է այն, որ նախորդ տարի, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ԱԱԾ-ում արխիվները ոչնչացվել են, պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-ում այդ հայտարարությունից հետո հարցրել էր. «Ե՞րբ եք պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են, ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ և ինչո՞ւ, օրինակ, Կուտոյանը բանտում չէ»:
 
Փաշինյանն ասել էր. «Հավանական եմ համարում, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի, և տեղի կունենա համապարփակ քննություն։ Իսկ թե ով բանտում կհայտնվի, չի հայտնվի՝ այդ հարցերում իմ դիրքորոշումը գիտեք»,- նկատի ունի կառավարության չխառնվելը իրավական համակարգի գործընթացին:
 
Իսկ Հայկ Հարությունյանը՝ որպես նախկին ոստիկանապետ, 2008 թվականի «Մարտի մեկ»-ի գործով վկաներից էր: Ավելին՝ Մարտի մեկի տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանն ասել էր՝ չի բացառում, որ այդ գործով այլ վկաներ եւս կմահանան:
 
Ի դեպ, Հայկ Հարությունյանի մահվանից հետո նախորդ տարի, Ռուսաստանում, գազի պայթյունից մահացավ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Սակայն այդ մահը ոմանք համարեցին կասկածելի, քանի որ նա եւս «Մարտի մեկ»-ի գործով վկայի կարգավիճակ ուներ:
 
Մեկ դիտարկում եւս. այս սպանությունները լավ հաշվարկված են այն տեսակետից, որ  խոցելի է դարձնում, ստվեր է գցում իշխանության վարկանիշին, որը «Մարտի մեկ»-ի գործի քննություն է սկսել: Իսկ գործի առանցքային վկաները տարբեր հանգամանքներում մահանում են:
 
Ինչեւէ, սպասենք իրավապահների քննությանը եւ դեպքի լիարժեք բացահայտմանը:
 
Սոնա Դավթյան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 681 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար