Նախարարն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպանին

10-12-2019 10:26:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
 
Նախարարը ողջունել և շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել իր հետագա գործունեության մեջ: Հակոբ Արշակյանն անդրադարձել է երկու երկրների միջև համագործակցությանը, տեխնոլոգիական ոլորտում Լիտվայի գրանցած հաջողություններին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները։ 
 
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, խոսել ժողովրդավարության հաղթանակի համատեքստում երկու երկրների պայքարի և առաջընթացի մասին։ Նա նշել է, որ երկու ժողովուրդների միջև տարիներ ի վեր բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ ավելի
զարգանալու հեռանկարներ ունեն։
 
Դեսպանը նախարարին ներկայացրել է Լիտվայի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումները, անդրադարձել Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններին։ Նա նշել է, որ Լիտվան հետաքրքրված է տեխնոլոգիական  կրթության ոլորտի հայկական փորձով, հատկապես «Թումոյի» գործունեությամբ, և ցանկություն ունեն այն ներդնելու իրենց երկրում։ Դեսպանն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ռոումինգի սակագնի նվազեցման հնարավորությանը։
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի վերաբերյալ, նշել, որ այն սկսում ենք դպրոցից, հետո՝ բուհ ու արտադրություն: Նախարարը խոսել է կրթական տեխնոլոգիաների ուղղությամբ փորձի փոխանակման կարևորության մասին և պատրաստակամություն է հայտնել օգնել կիրառել Հայաստանում ստեղծված կրթական տեխնոլոգիաները։
 
Նախարարն անդրադարձել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված քաղաքականությանը, «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրին, որի նպատակն է՝ ցանկացած ընկերության հնարավորություն տալ հայկական սփյուռքի և «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների և աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ: Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ այս ծրագրի շրջանակներում Սիլիկոնյան հովտում Հայաստանը կունենա իր անկյունը,  որտեղ հայ ձեռներեցները բիզնեսի դասընթացներ կստանան:
Նախարարը նշել է նաև, որ հետագայում լիտվական ընկերությունները նույնպես կարող են օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից՝ իրենց մասնաճյուղերը գրանցելով Հայստանում:      
 
Երկկողմ փոխգործակցության զարգացման տեսանկյունից զրուցակիցները հեռանկարային են համարել նաև երկուստեք էքսպո ցուցահանդեսներին մասնակցությունը: Նախարարը դեսպանին առաջարկել է կազմակերպել լիտվական ընկերությունների մասնակցությունը «Digitec EXPO 2020» և «ArmHighTech EXPO» ցուցահանդեսներին։  
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 385 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար