ՄԱԿ-ը, դեկտեմբերի 9-ը եւ Հայոց ցեղասպանությունը

09-12-2019 18:31:41   | Լիբանան  |  Վերլուծություն
Հայ քաղաքական միտքը  բոլոր պարտավորություններն ունի դեկտեմբերի 9-ի վրա հատուկ ուշադրություն կենտրոնացնելու համար։ ՄԱԿ-ի օրացույցում  դեկտեմբերի 9-ը իբրեւ Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր ամրագրելը պաշտոնական Երեւանի ներկայացուցչության նախաձեռնությունն էր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ Իրավամբ 100-ամյակի մեր դիվանագիտական ձեռքբերումներից կարեւորագույնը կարելի է համարել  դեկտեմբերի 9-ի ամրագրումը ՄԱԿ-ում։ Հայկական դիվանագիտության մարտավարությունը լիարժեք աշխատել էր այս դեպքում։ Փաստորեն,  առանց նշելու Հայոց ցեղասպանությունը, բոլոր ցեղասպանություններին ներառելով նաեւ հայոցը, համաշխարհային  ոգեկոչման նվիրականացած օրվան է վերածվել դեկտեմբերի 9-ը։
 


1948 թ․ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի համաձայնագրի ընդունման օրն է: Իսկ այս թվականը ուղղակիորեն առնչվում է Ռաֆաէլ Լեմկինի հետ, որ հեղինակն է ցեղասպանություն եզրի։ Լեմկինն իր եզրակերտումը հիմնավարած պահին իբրեւ առաջին օրինակ նշել էր հայերի պարագան։ Պահելով հետեւողականության տրամաբանությունը, ուրեմն ոգեկոչման օրը առաջին հերթին ներառում է Հայոց ցեղասպանությունը՝ Լեմկինի հանգամանքը նկատի ունենալով եւ քաղաքական ընթերցումով՝ Երեւանի կողմից բանաձեւի առաջադման փաստը։
 
Հայկական դիվանագիտության մարտավարությունը այնքան լիարժեք է աշխատել, որ բանաձեւի օգտին քվեարկել է  նաեւ Թուրքիայի ներկայացուցիչը։ Աւելին, նա ընդառաջ է գնացել Երեւանի նախաձեռնության եւ դարձել բանաձեւի համահեղինակ։
 
ՄԱԿ-ի կողմից արմագրված այս օրվա քաղաքական համաշխարհային հնչեղությունը վառ պահելու համար հայ քաղաքական դաշտը Երեւանից մինչեւ տարբեր ցամաքամասեր, ուր հայկական կազմակերպված կյանք գոյություն ունի՝ առաջնային օրակարգ ձեւավորելու հրամայականն է շեշտվում։
 
Նշելով  դեկտեմբերի 9-ը եւ ոգեկոչելով բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը,
Հայոց ցեղասպանության միջազգային հնչեղության ապահովման նոր նշաձողեր ապահովելու հավանականությունները բարձրանում են։
 
Բանաձեւի որդեգրման մարտավարությունը դիվանագիտությունից քարոզչաքաղաքական հարթություն տեղափոխելով կարող է նույնանման դրսեւորումներ ապահովել։ Բոլոր ցեղասպանությունների նշումով շահագրգռված կլինեն իհարկե նախ ցեղասպանության զոհ գնացածները։ Իսկ այս բանաձեւի համահեղինակ պետությունները՝ թվով 85 պատճառ չեն ունենա չմիանալու իրենց համահեղինակած բանաձեւի նշման նախաձեռնություններին։
 
ՄԱԿ-ում նախաձեռնությունը հայկական էր։ Նույնպես նաեւ նրա հանրահռչակման եւ մանավանդ քարոզչաքական միջազգային հնչեղության ապահովման համար հայկական կողմից առնված քայլերով համանախաձեռնողների  խմբեր կարող են կազմվել։ Այդ բոլոր ձեռնարկներում կհիշվեն բոլոր ցեղասպանություններին զոհ գնացած ժողովուրդները։ 
 
Այսպիսով, դեկտեմբերը 9-ը կարող է դառնալ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումները զուտ հայկական նախաձեռնողական սահմաններից դուրս բերելու եւ ոեգեկոչումներին միջազգային տարողություն ապահովելու առիթ։ Չէ բացառվում, որ ՄԱԿ-ը ի՛նքը եւս նշի իր իսկ կողմից ամրագրված եւ իր օրացույցում իբրեւ միջազգային օր ձեւակերպված ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը։ 
 
Դեկտեմբերի 9-ը  ձեւակերպվել է իբրեւ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։ Պաշտոնական Երեւանը հետեւողական է Ցեղասպանության միջազգային ճանաչման առաջադրանքի հետապնդման մեջ շեշտելով ճանաչումը իբրեւ կանխարգելում հետագա ցեղասպանական փորձերի հիմնավորումը։
 
Աշխարհագրական տարբեր միջավայրերում վերջին ժամանակներին արձանագրված ցեղային զտման գործողությունները հետեւանք են ցեղասպանությունների անհետեւանք եւ անպատիժ, անհատույց մնալուն։ Կանխարգելումը իմաստ կունենա ցեղասպանի կողմից ոչ միայն պատասխանատվության ընդունումով, այլ նաեւ հատուցումով։ Դեկտեմբերի 9-ը ուրեմն միջազգային ձեւակեպմամբ իսկ ներառում է հատուցման գաղափարը՝ կանխարգելման անհրաժեշտությունը ընդգծելով։
 
Ցեղասպանական փորձի կանխարգելման փաստ արձանագրվեց նաեւ Արցախում, երբ հայկական խաղաղ ցույցերին Բաքուն հակադարձեց ջարդարար քաղաքականությամբ։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ,
հասնելու համար ապրիլյան պատերազմի ընթացքում գործադրված ռազմական հանցագործությամբ հատկանշված ամենավայրագ դրսեւորումները համոզեցին, որ Բաքուն չի հրաժարվում արցախահայության նկատմամբ ցեղային զտում իրականացնելու իր առաջադրանքից։ Հայկական ինքնապաշտպանությունն էր, եւ ապա արդեն հայկական կանոնավոր բանակը, որ զսպեց-ձախողեց եւ տապալեց Բաքվի կողմից մշակված ցեղասպանական քաղաքականությունը։ Այս հիմնավորումներով էլ ինքնորոշման իրավունքին առընթեր արցախահայության անվտանգության երաշխավորումը  շարունակում է գերակա ուղղություն մնալ իբրեւ արցախյան հակամարտության հանգուցալուծման հայկական հայեցակարգային հիմնադրույթ։
 
Դեկտեմբերի 9-ը առիթ է հայ քաղաքական մտքի համար՝ միջազգային հնչեղություն ապահովելու այս բոլոր առաջադրանքներին։
 
 
 ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 853 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար