Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին

09-12-2019 12:31:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
 
Դեկտեմբերի 9-ին  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
 
«Հարգելի՛ տիկին փոխվարչապետ,
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Հարգելի՛ հյուրեր,
 
Տիկնայք և պարոնայք,
 
Նախ, ուրախ եմ ողջունելու իմ գործընկերոջը՝ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Թեա Ցուլուկիանիին և վրացական պատվիրակության անդամներին Երևանում:
 
Հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը՝ մեծապես կարևորում եմ Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում մեր երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:
 
Հարգելի՛ գործընկերներ,
 
Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման
և արդյունքների գրանցման առումով, հատկապես, եթե դիտարկում ենք ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման ուղղությունը: Այս
համատեքստում՝ անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն։ Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու:
 
Կուզենայի նշել, որ մեր երկու կառավարությունների արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են պատմական ընդհանուր ժառանգության, գրեթե նույն մարտահրավերների, ինչպես նաև համընդհանուր գլոբալ միտումների ճանապարհներով։ Հետևաբար, կարծում եմ, որ հայ-վրացական ոլորտային համագործակցությունն ու շփումները երկուստեք հաջողելու լավ բանաձևեր են։
 
Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռնում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս։
 
Հարգելի՛ ներկաներ,
 
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Այս համատեքստում, մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ:
 
Համոզված եմ, որ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Ցուլուկիանիի այցի ընթացքում կուրվագծվեն համագործակցության նոր ուղղություններ՝ ի շահ և ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների:
 
Այսպիսով, բոլորին մաղթում եմ արդյունավետ քննարկում: Շնորհակալություն ուշադրության համար»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 560 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար