Կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչությունը ինքնիշխանության զիջման քայլ է.«Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը

12-11-2019 13:58:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ իշխանությունը կանաչ լույս է վառել ԱՄՆ ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում գտնվող կենսալաբորատորիաները ՌԴ տեսչական վերահսկողությանը հանձնելու պահանջի առաջ և պատրաստվում է ՌԴ-ի հետ ստորագրել համապատասխան հուշագիր:
 


Սիրիա ՀՀ ԶՈՒ զորախումբ ուղարկելու, ՄԱԿ-ում ՌԴ օգտին քվեարկելու, ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի փաստաբանի դերում հանդես գալու, Արցախի հարցը Մոսկվայի հայեցակարգի համատեքստում պահելու տարօրինակ և անընդունելի քայլերի շարքը լրացնող այս գործողությունը շատ վտանգավոր և կորստաբեր մի ընթացք է ուրվագծում:
 
ՀՀ ինքնիշխանությունը ծրագրված կերպով Մոսկվային զիջելու գործընթացը, որ կասեցվեց Ապրիլյան
պատերազմի հերոսական դիմադրությամբ, Սասնա Ծռերի ապստամբությամբ և 2018 թ. համաժողովրդական ընդվզմամբ, նորից միս ու արյուն է ստանում:
 
Դատապարտում ենք ըստ էության ազգային հեղափոխության մանդատ ստացած ՀՀ իշխանության հարմարվողական արտաքին քաղաքականությունը և կոչ ենք անում հրաժարվել գաղութատիրական համակարգին զիջումներ կատարելու միջոցով իրավիճակային լուծումներ որոնելու տրամաբանությունից:
 
Արդեն կատարված զիջումներն այնքան շատ են, որ մեզ հասցրել են սահմանային վիճակի, ուստի հետագա զիջումներն արդեն լինելու են պետականության հիմքերի հաշվին:
 
Մի պետության ֆինանսավորմամբ ՀՀ տարածքում իրականացվող գործունեության նկատմամբ մեկ այլ պետությանը տեսչական վերահսկողության հնարավորություն տալը կարող է հանգեցնել ՀՀ ինքնիշխանության և վարկի որակական անկման:
 
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է սթափվել և, մասնավորապես՝ հրաժարվել ՀՀ և ՌԴ միջև այդ կենսալաբորատորիաների նկատմամբ ՌԴ տեսչություն սահմանող հուշագիրն ստորագրելու մտադրությունից:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար