Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարություններով

15-10-2019 17:38:38   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան առանձնազրույցից և երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: 
 

Ստորև ներկայացվում է հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - «Մեծարգո պարոն վարչապետ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
Տիկնայք և պարոնայք,
 
նախ ուզում եմ մեկ անգամ ևս ողջունել եղբայրական Վրաստանի վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը։ 
 
Մեծարգո պարոն վարչապետ, բարով եք եկել Հայաստան:  Օգտվելով այս պատեհ առիթից՝ թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ, պարոն Գախարիա, Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցու¬թյամբ:
 
Վստահ եմ՝ Վրաստանում նկատել են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ ընտրվելու առաջին իսկ օրվանից հայ-վրացական բարեկամական հարաբերություններն սկսել են զարգանալ առանձնահատուկ ջերմությամբ, ակտիվ և անկեղծ շփումներով, մեզ հուզող հարցերի շուրջ անմիջական և վստահելի երկխոսությամբ: 
 
Այս ամենն արտահայտումն է իմ այն համոզմունքի, որ Վրաստանի հետ հարաբերություններն առանձնա¬հատուկ կարևորություն ունեն Հայաստանի համար: 
 
Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնում իմ առաջին արտագնա այցը կատարեցի հենց Վրաստան: Եվ ես ուրախ եմ, որ մեր շփումների դինամիկան, փոխվստահության մակարդակը, ինչպես նաև Ձեր ներկայիս այցը, պարոն վարչապետ, խոսում են այն մասին, որ Վրաստանը ևս առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի հետ իր հարաբերություններին: 
 
Կարևոր և արդյունավետ եմ գնահատում վարչապետ Գախարիայի հետ այսօր մեր ունեցած բանակցու¬թյուն¬ները, որոնք ևս մեկ անգամ փաստեցին հարաբերությունների առկա բարձր մակարդակը և դրանց հետագա
զարգացումը խթանելու երկուստեք ցուցաբերած պատրաստա¬կամությունը։
 
Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք երկկողմ օրակարգային հարցերի գրեթե ողջ շրջանակը: Պետք է նշեմ, որ մեր երկկողմ օրակարգն այնքան լայն և հագեցած է, որ դժվար է մեկ հանդիպումով ապահովել բոլոր հարցերի քննարկումը:
 
Երկուստեք բարձր գնահատեցինք երկարատև ընդմիջումից հետո հայ-վրացական միջկառավարական հանձնա¬¬ժողովի աշխատանքների վեր¬սկսումը: Վստահություն հայտնեցինք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում իրագործել հանձնաժողովի 10-րդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած պայմանավորվածությունները: 
 
Շատ կարևոր էր, որ նիստի շրջանակներում անցկացվեց նաև հայ-վրացական գործարար համաժողով, ինչն իր հերթին կարող է լայն հնարավորություններ բացել մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության համար։ 
 
Կարևորեցինք տրանսպորտային և էներգետիկ ծրագրերի իրականացման նշանակությունը՝ ինչպես երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ապահովման տեսանկյունից։
 
Միակարծիք էինք երկկողմ հումանիտար կապերի խորացման հարցում: Այս առումով կարևոր է պահպանել երկկողմ շփումների ակտիվությունը։ Ընդգծեցինք նաև միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը՝ բարձր գնահատելով այս ուղղությամբ ներդրվող ջանքերը։
 
Տիկնայք և պարոնայք,
 
Հայաստանի արտաքին քաղաքա¬կանության կարևորագույն խնդիր¬ներից է տարածաշրջանային խաղաղու¬թյան և անվտանգության մթնոլորտի ձևավորումը։ Այս առումով համոզված ենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը պետք է զերծ լինի ցանկացած արտաքին գործոնների ազդեցությունից։ Այս համատեքստում անդրադարձ կատարեցինք տարածաշրջանային հակամարտություններին։
 
Համակարծիք էինք, որ դրանց համապարփակ և տևական կարգա¬վորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համա¬պատասխան։ Ես վերստին հայտնեցի մեր այն դիրքորոշումը, որ յուրաքան¬չյուր հակամարտություն ուրույն է, և, հետևաբար, լուծումներն էլ պետք է բխեն դրանց էությունից:  
 
Այս առումով կարևորեցինք միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշիռ դիրքորոշման պահպանումը։
 
Մեծարգո պարոն վարչապետ, հավատացած եմ, որ Ձեր այցն իր նպաստը կբերի հայ-վրացական բազմաոլորտ համագործակցության հետագա խորացմանը, և մենք համատեղ ջանքերով կպահպանենք այն դրական դինամիկան Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների շարունակական զարգացման համար, որը մենք արդեն իսկ ունենք»։
 
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա - «Հարգելի վարչապետ,
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
 
  Ուրախ եմ, որ առաջին այցը Հայաստան իմ այս նոր կարգավիճակով իրականացվեց:
 
Իհարկե, մենք այսօր շատ թեմաներ ենք շոշափել: 
 
Նախ, անդրադարձել ենք երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին, որոնք դարավոր պատմություն ունեն, և այս բարեկամությունն
էլ ավելի կխորացնենք ու կընդլայնենք: 
 
Իհարկե, մեր երկու երկրների միջև ամենանշանակալի չափումը տնտեսությունն է. այստեղ մենք լավ առաջընթաց ունենք: Խոսել ենք տրանսպորտի մասին, էներգակիրների հարցում համագործակցության հարցեր ենք քննարկել, մշակութային բնագավառում ևս համագործակցելու շարունակական ուղի ենք նախանշել: 
 
Անդրադարձել ենք նաև  տարածաշրջանային հարցերին և համակարծիք ենք, որ խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում ամենակարևոր բանն է, որպեսզի տնտեսությունը զարգանալու հնարավորություն ունենա, իսկ մեր ժողովուրդները կարողանան լավ ապրել:
 
Հայաստանն աջակցում է մեզ տարածքային ամբողջականության հարցում, ինչը շատ կարևոր է մեզ համար և շնորհակալ ենք: Կարծում եմ պիտի այս դրական դինամիկան պահպանենք և հզորացնենք միմյանց աջակցությունը միջազգային հարթակներում:
 
Համոզված եմ, որ այսօրվա մեր հանդիպումը ևս մեկ առաջընթաց քայլ կլինի մեր երկու երկրների համագործակցության խորացման համար»:  
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 614 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար